Ռուսական «Գեոպրոմայնինգը», որն ունի հայկական ակտիվներ, հայտնվել է պատժամիջոցների տակ. «Հետք»
2024 թվականի փետրվարի 23-ին Վաշինգտոնը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Փաթեթում ներառված են ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հատկանշական է, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի երկրորդ տարով և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվամբ։ Այս մասին հայտնում է «Հետքը»:
Սահմանափակումները համատեղ ներդրել են Ֆինանսների նախարարությունը, Առևտրի նախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը։
Նավալնիի մահվան կապակցությամբ Պետդեպարտամենտը սահմանափակումներ է մտցրել «ռուսական կառավարության երեք պաշտոնյաների մասով»։
ԱՄՆ գանձապետարանն ընդգծել է, որ սահմանափակումները վերաբերում են ռուսական ֆինանսական հատվածի ընկերություններին, Եվրոպայի, Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի այն ընկերություններին, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցների ռեժիմը: Սահմանափակումների ցուցակում են հայտնվել նաեւ ռուսական ռազմարդյունաբերությանն առնչվող հարյուրավոր ընկերություններ:
Պատժամիջոցներով ԱՄՆ-ն սահմանափակում է նշված ընկերությունների և անձանց մուտքը ԱՄՆ, ֆինանսական և այլ տարատեսակ գործարքները, տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը և այլն։ Այլ խոսքով՝ «սառեցնում են» կապերը նշված ընկերությունների և անձանց հետ՝ փորձելով սահմանափակել նրանց գործունեությունը, ռուսական ռազմարդյունաբերությանը որևէ կերպ աջակցելու հնարավորությունը և տնտեսապես հարվածել Ռուսաստանին։
Պատժամիջոցների այս նոր փաթեթում է ներառվել նաև ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն (OOO ГЕОПРОМАЙНИНГ):
Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։
Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է ինչպես «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։
Ե՛վ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը, և՛ Գլեբ Տրոցենկոն 2023-ի վերջերին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դրանից հետո Գլեբ Տրոցենկոն դուրս եկավ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից։
Երկու ընկերություններում էլ Գլեբ Տրոցենկոյին փոխարինելու եկավ Տրոցենկոներին փոխկապակցված անձ՝ Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։
Տրոցենկոն այլևս ԶՊՄԿ-ի սեփականատեր չէ, սակայն նոր բաժնետերը փոխկապակցված է նրան: Ենթադվում էր, որ այս քայլը պայմանավորված է պատժամիջոցների գործոնով։ Տրոցենկոն դուրս է եկել հայաստանյան ակտիվներից, որպեսզի այդ ընկերությունները չտուժեն պատժամիջոցներից։
Այս անգամ, սակայն, պատժամիջոցների տակ է հայտնվում հայաստանյան ակտիվները տիրապետող ռուսական «Գեոպրոմայնինգ»-ը։
ԶՊՄԿ-ի նոր բաժնետերն ու նրա կապերը պատժամիջոցների տակ հայտնված մեկ այլ ընկերության՝ AEON Mining-ի հետ
Բացի «Գեոպրոմայնինգ»-ից, Տրոցենկոներին կապակցված մեկ այլ ընկերության անուն ևս հայտնվել է պատժամիջոցների նոր ցանկում։ Խոսքը AEON Mining ընկերության մասին է (ՕՕՕ АЕОН МАЙНИНГ)։ Ըստ ռուսական աղբյուրների՝ ընկերությունը Ռոման Տրոցենկոյի բիզնես կայսրության մի մասն է։ Տրոցենկոյին է պատկանել նույն անունով՝ AEON ենթակառուցվածքային կորպորացիան։ 2023 թվականի ավարտին Ռոման Տրոցենկոն վաճառել է AEON կորպորացիայի 69%-ը, որի գնորդները նույն կորպորացիայում բարձր պաշտոններ զբաղեցնող երկու անձինք են։ Մասնավորապես, AEON Mining-ի բաժնետերերի փոփոխության մասին տեղեկություններ չգտնվեցին։
Սվետլանա Երշովան, որն այժմ բաժնեմաս ունի «Գեոպրոմայնինգ գոլդ»-ում և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում, բարձր պաշտոններ է զբաղեցնում Տրոցենկոներին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված բազմաթիվ ընկերություններում։ Որոշ ընկերություններում նաև որպես սեփականատեր է հանդես գալիս։
Ըստ ռուսական «Վեդոմոստի» պարբերականի՝ 2019 թվականի դրությամբ Սվետլանա Երշովային է պատկանել Ռոման Տրոցենկոյի բիզեսներում հայտնի «Профи» ընկերության 99,01% մասնաբաժինը։
Վերջին հինգ տարիներին համատեղությամբ զբաղեցրած պաշտոնների շարքում է նաև AEON կորպորացիայի (Общество с ограниченной ответственностью Инфраструктурная корпорация «АЕОН») իրավական հարցերով տնօրենը։ Այդ մասին վկայում են ոչ միայն հաշվետվությունները, այլև ռուսական մամուլում տեղ գտած բազմաթիվ հոդվածները: