Կհեռացվե՞ն ճանապարհներին տեղադրված խաչերը. պարզաբանում
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ իշխանությունը հրահանգել է ՏԻՄ ղեկավարներին՝ քանդել բոլոր միջպետական և համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Նշվում էր, որ կառավարության պատկան գերատեսչությունից համայնքապետարաններ գրություն է ուղարկվել։
Այս մասին դեռ 2022 թվականի հուլիսի 7-ի կառավարության նիստում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «Հայաստանում տարերային կամ խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում»։
Վարչապետը նշել էր նաև, որ հանձնարարական է տվել ուսումնասիրել տեղի ունեցող գործընթացն ու գնահատական տալ։
Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարություն՝ տեղեկանալու՝ կա՞ նման հրահանգ, ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը։ Կատարվե՞լ է ուսումնասիրություն ու ո՞րն է գնահատականը։
Նախարարությունից պարզաբանել են, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներն առանձնացված են որպես հատուկ քաղաքաշինական օբյեկտներ, որտեղ կիրառվում է հողերի օգտագործման հատուկ ռեժիմ և կառուցապատման գործունեության կանոնակարգման համապատասխան միջոցառումներ:
«Մասնավորապես, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների տարածքներում արգելվում է՝ առանց այդ ճանապարհները տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու կառուցել շենքեր, կառույցներ, իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում և այլն:
Միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության ապահովման ու դրանց հարող տարածքներում կառուցապատման կանոնակարգումները սահմանված են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշմամբ»,- նշել են ՏԿԵՆ-ից։
Ի թիվս այլ կարգավորումների՝ կառուցապատում իրականացնելիս պետք է ապահովվեն նաև բնակավայրերից դուրս տարածքներում ճանապարհի կողային տեսանելիության պահանջները հաշված երթևեկելի մասի եզրից՝ միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար 18.0 մետր, հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար՝ 15.0 մետր։
«Վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում՝ առկա օբյեկտները օրենսդրության գործող նորմերին և պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև երթևեկության անվտանգության պահանջներն ապահովելու նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ իրավասու մարմինների կողմից իրականացվում է ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտում առանց ճանապարհ տնօրինողի համաձայնության կառուցված ինքնակամ շինությունների, կառույցների գույքագրում: Նշված գործընթացի շրջանակներում՝ ՀՀ վարչապետի 08.07.2022թ. հանձնարարությամբ իրականացվում է նաև առանց վերը նշված պահանջների պահպանման տեղադրված խաչերի, խաչքարերի ու հուշակոթողների գույքագրում, որի արդյունքներով կներկայացվեն համապատասխան առաջարկություններ»,- լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։