Մենք մտահոգված ենք. ԱՄՆ-ն լռում է Վրաստանի վերաբերյալ. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Թբիլիսին պատրաստ է վերականգնել ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ։ 


«Մենք որոշ չափով մտահոգված ենք, որ պատժամիջոցները դեռևս չեն վերացվել, և որ ԱՄՆ-ն որոշ չափով լռում է Վրաստանի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, մենք լավատես ենք մնում․ մեր առաջարկը սեղանին է, և այն վերաբերում է մեր ռազմավարական գործընկերության վերականգնմանը»,– նշել է Կոբախիձեն։


Վարչապետի խոսքով՝ Վրաստանն ունի շատ հստակ դիրքորոշում Վաշինգտոնի հետ հարաբերությունների հարցում.


«Ես բազմիցս ընդգծել եմ, որ պատրաստ ենք մաքուր էջից վերականգնել մեր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ՝ շատ հստակ և կոնկրետ պլանի հիման վրա։ Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը»,– ասել է նա։


Կոբախիձեն հիշեցրել է, որ նախկինում ԱՄՆ-ի ղեկավարությունը «բավական ագրեսիվ էր վրաց ժողովրդի և կառավարության նկատմամբ», իսկ Բայդենի վարչակազմը դադարեցրել էր ռազմավարական գործընկերությունը Թրամփի ընտրվելուց հետո։


«Մեր շահերից է բխում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերականգնումը, և մենք համբերատար սպասում ենք նրանց դիրքորոշմանը։ Այո, մենք որոշ չափով անհանգստացած ենք, բայց մնում ենք լավատես»,- հավելել է Վրաստանի վարչապետը։

Քաղաքականություն