Հայտնի է ում է պատկանում այն ՍՊԸ-ն, որը Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ներկրում

Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրող ընկերությունը «Բաղրամյան» ՍՊԸ-ն է։ Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է ընկերության տնօրեն Վլադիմիր Գասպարյանը։


Վերջինս վստահեցրել է, որ եթե արդեն ցորենի առաջին խմբաքանակը տեղ է հասել, ուրեմն որևէ խոչընդոտ չի եղել։


«Եղավ այն, ինչ եղավ. 35 տարի չէր եղել, հիմա փաստ է՝ ցորենը եկել է։ Մենք, մեր հարևանները չենք կարող որևէ բան փոխել։ Հիմա լա՞վ ենք արել, որ օգտվել ենք այս հնարավորությունից, թե՞ վատ ենք արել։ Խոսքը վերաբերում է պարենային անվտանգությանը, թե ինչ նշանակություն ունի պետության համար։ Եթե ՀՀ-ում բեռի հետ կապված մի ամիս խնդիր լինի, ու մեր ենթադրյալ կասկածների հիման վրա չբերեինք և այս հնարավորությունից չօգտվեինք, ինչքանո՞վ ճիշտ կլիներ։ Կարծում եմ՝ մի ավել ճանապարհ ունենալը, ավել դուռ բացվելը միայն ողջունելի է»,-ասել է ընկերության տնօրենը


Նա հավելել է, որ այս ճանապարհն այլընտրանք է, որից կշահեն բոլորը։


«Հրաժարվելն էլ մեր կողմից սխալ կլիներ պետության հանդեպ։ Ընդհանուր առմամբ, դուք պատկերացնո՞ւմ եք Լարսի ծանրաբեռնվածությունը սրանով ինչքան կթեթևանա։ Դուք տեսնում եք չէ՞, ինչ է կատարվում Լարսում։ Դրան էլ գումարած՝ ՌԴ մուտքի 90 օրվա սահմանափակումը վարորդների համար։ Մինչև օրս այդ հարցը չի լուծվել, շատ վարորդներ չեն կարողանում գնալ, բեռնատարները կանգնեցրել են ու չեն քշում»,- մանրամասնել է Գասպարյանը։



Քաղաքականություն

Պատահարներ