«Կարմիր գծերի» դատական գործերով որքա՞ ն գումար է 2 տարվա ընթացքում փոխհատուցվել քաղաքացիներին. «Հետք»
Տարեկան միջինը 680 հայցադիմում է ներկայացվում Երևանի քաղաքապետարանի դեմ՝ վճարովի կայանատեղիներին (կարմիր գծեր) վերաբերող վեճերով: Դրանց գերակշիռ մասով Վարչական դատարանը վեճը լուծում է քաղաքացիների օգտին՝ վճիռ կայացնելով Երևանի քաղաքապետարանի դեմ: Ոչ միայն վերացվում են տուգանքի որոշումները, այլև պարտված գործերով քաղաքապետարանի վրա դրվում է քաղաքացու դատական ծախսերը փոխհատուցելու պարտավորություն: Այս մասին գրում է «Հետքը»:
2024թ. փետրվարի 2-ի դրությամբ, Երևանի քաղաքապետարանից «կարմիր գծերի» գործերով բռնագանձվել է մոտ 795 հազար դրամ՝ դատարաններում քաղաքացիների վճարած պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումար: 2022-2023թթ. նույն նպատակով քաղաքապետարանից դատական կարգով բռնագանձվել է 16 մլն 111 հազ. դրամ: Այս գործերով Վարչական դատարանը, որպես փաստաբանի վարձատրության գումար, հիմնականում սահմանում է 10 հազ. դրամ:
Քաղաքացիների հայցադիմումների հիմքում հիմնականում ընկած է այն հանգամանքը, որ անակնկալի են եկել, երբ քաղաքապետարանից ստացել են վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում՝ վճարովի ավտոկայանատեղիում ավտոմեքենան կայանելու և դրա դիմաց չվճարելու մասին: Պատճառաբանում են, որ նշված վայրն առանձնացված չի եղել կարմիր գույնի գետնանշումով, ինչպես նաև չի եղել համապատասխան ցուցանակ՝ վճարովի ավտոկայանատեղիի համար վճարի վճարման պարտականության չափի, պայմանների և պատասխանատվության մասին հայերեն պարզ և ընթեռնելի նշումներով: Այս պայմաններում քաղաքապետարանը չէր կարող վարույթ հարուցել և տուգանել, իսկ իրենք էլ՝ վճարել, քանի որ որևէ կերպ չէին կարող իմանալ, որ ավտոմեքենան կայանել են վճարովի ավտոկայանատեղիում:
Կան տարածքներ, որտեղ ասֆալտին կարմիր գույնով գծանշումները ջնջվել են կամ դժվար են նշմարվում, սակայն քաղաքապետարանը դրանք համարում է պատշաճ և տուգանում քաղաքացիներին՝ կայանման վճարը չկատարելու համար: Քաղաքացիներն էլ բողոքարկում են տուգանքի որոշումները և հաղթում դատարաններում:
Երևանի քաղաքապետարանը վարչական վարույթ հարուցելու հիմքում դնում է տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը: Քաղաքացիների օգտին կայացրած վճիռներով դատարաններն արձանագրում են, որ նշված տեսանյութերում պատկերված ճանապարհի հատվածում առկա չեն համապատասխան գծանշումներ, վճարովի ավտոկայանատեղիի համար տեղեկատվական ցուցանակը: Հետևաբար, առնվազն արձանագրման պահին որևէ կերպ հնարավոր չէ տարածքն ընդունել որպես համայնքի ավագանու կողմից կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի, ուստի և նշված հատվածում տրանսպորտային միջոցի կայանումը 15 և ավելի րոպե ժամանակահատվածով չի կարող հանդիսանալ արարք, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:
Ի դեպ, մինչև 15 րոպե ավտոմեքենան կայանելու համար տեղական վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: