20-ից ավել թունավորման դեպքերից հետո ինչո՞ւ չի կասեցվում Juli’s-ի գործունեությունը. մանրամասներ

Երեկվանից տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Պուշկինի 39 հասցեում գտնվող Juli’s սրճարանում սնվելուց հետո: Նրանք կերել են սաղմոնով բենեդիկտ, ինչից հետո նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:


Ահազանգերը ստացվել են փետրվարի 8-ից, սակայն մինչ օրս սրճրանի գործունեությունը չի կասեցվել, դադարեցվել է միայն սաղմոնով բենեդիկտի մատուցումը: Խաչաձև աղտոտման վարկածը հաստատելու կամ հերքելու համար սրճարանի աշխատակիցը անալիզ է հանձնել։ Մինչ պատասխանի ստանալը, աշխատակցին խնդրել են մնալ տանը։


Auroranews-ը փորձել է պարզել` ինչո՞ւ մինչ այս պահը սրճարանի գործունեությունը կասեցված չէ: Կապ հաստատեցինք Սննդամթերքի անտվանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ (ՍԱՏՄ) Անուշ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.


«Մենք այսօր լաբորատոր փորձաքննության արդյունքները կունենանք, կհրապարակենք: Այո, փոտրվարի 8-ից մենք ահազանգը ստացել ենք: Մեր օրենսդրությունը մեզ թույլ չի տալիս մինչև լաբարատոր փորձաքննության արդյունքները սրճարանը փակել»: 


Ստացվում է, որ ՍԱՏՄ-ն նման իրավասություն չունի: Մեր դիտարկմանը, իսկ մինչև փորձաքննության արդյունքները, բոլոր քաղաքացիները, որոնք տեղյակ չեն սրճարանում թունավորման դեպքերից գուցե այցելեն և գուցե թունավորման դեպքերը շատանան (քանի, որ դեռևս հստակ չէ, թե ինչից է թունավորումը), Հարությունյանը պատասխանեց. 


«Դուք հիմա ինձ հարցեր եք տալիս, որը ինձ չպետք է տաք: Պետք  է տաք քաղաքականություն իրականացնող, օրենք սահմանող և օրենք գրող մարմնին: Օրենքը ինչպես նախատեսում է, ցավոք, մենք այդպես էլ պարտավոր ենք անել: Թեև մենք, որպես տեսչական մարմին, որպես կոնկրետ գործողություն իրականացնող և տվյալ դեպքի հետ շփվող մարմին,  բնականաբար մենք էլ համարում ենք, որ պետք է թունավորման փաստը ֆիքսելուց անմիջապես հետո որևէ գործողություն արվի»: 


Մենք կապ հաստատեցինք նաև Առողջապահության նախարարություն, որտեղից մեզ հետ զրույցում նշեցին, որ նախարարությունը սրճարանը փակելու և գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու լիազորություն և իրավասություն չունի:


Մեզ ուղորդեցոին Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմին: Auroranews-ը զանգահարեց տեսչական մարմնի մամուլի քարտուղարին. «Եթե հաստատված է աշխատողի հիվանդ լինելու փաստը, այդ տեղեկատվությունը փոխանցվել է տեսչական մարմնին, տեսչական մարմինը գործատուին կարգադրական է տալիս, որպեսզի չթուլյատրի աշխատողին աշխատել, մինչև ապաքինումը»: 


Այս պահին չեն կարող ասել Juli’s -ի աշխատակիցների հիվանդ լինելու վերաբերյալ տեղեկություն ստացե՞լ են, թե ոչ:


Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնից նշեցին, որ սրճարանի գործունեությունը կասեցնելու լիազորություն չունեն:


Հիշեցնենք` ՍԱՏՄ-ն այսօր կհրապարակի փորձաքննության արդյունքները: 










Քաղաքականություն