Մինսկը և Մոսկվան թշնամիներ չունեն․ Բելառուսի ՊՆ

Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ Մինսկը և Մոսկվան թշնամիներ չունեն, բայց ունեն ժողովուրդների շահեր և փոխադարձ դաշնակցային պարտավորություններ․ այդ ուղերձները դրված են նորացված ռազմական դոկտրինի նախագծում: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Ցանկանում եմ ռազմական գերատեսչության դիրքորոշումը հասցնել արևմտյան այն կեղծ վերլուծաբաններին, խոսողներին և պարզապես ծայրահեղականներին, որոնք արդեն գրեթե մեկ շաբաթ չեն լռում՝ տարբեր կանխատեսող սցենարներ և գնահատականներ տալով նոր ռազմական դոկտրինի նախագծին և Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններին, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառման հարցերին։ Ես ևս մեկ անգամ բոլորին հայտարարում եմ՝ մենք թշնամիներ չունենք։ Մեր քաղաքականության մեջ մենք ոչ մեկին հետ նայել ու հարմարվել չենք պատրաստվում։ Մենք ունենք մեր ժողովուրդների շահերը, ունենք փոխադարձ դաշնակցային պարտավորություններ»,- ասել է Խրենինը։


Բելառուսի Անվտանգության խորհրդի հունվարի 16-ի նիստում քննարկվել է երկրի նոր ռազմական դոկտրինի նախագիծը, քննարկման արդյունքներով որոշվել է փաստաթուղթը լրամշակել: Հետագայում փաստաթուղթը կներկայացվի Համաբելառուսական Ժողովրդական ժողովի հաստատմանը, որը տեղի կունենա ապրիլին։ Խրենինը հայտնել է, որ նորացված ռազմական դոկտրինի նախագծում հստակ ամրագրված են այն երկրները, որոնցից բխում են սպառնալիքները, ռազմական անվտանգության ներքին եւ արտաքին սպառնալիքների շարքը, Հանրապետության դաշնակցային պարտավորությունները եւ մարտավարական միջուկային զենքի կիրառման հարցում նրա դիրքորոշումը, ինչպես նաեւ կատարելագործվել են հակամարտությունների տեսակների դասակարգումը (դրանք բաժանված են միջպետական եւ միջկոալիցիոն) եւ դրանց արձագանքման միջոցները:


Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի խոսքով՝ նոր ռազմական դոկտրինի կարևոր նորամուծությունը պետության կողմից ձեռնարկվող միջոցների համարժեքությունն է՝ ռազմական վտանգի մակարդակին համապատասխան:


«Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայումը դիտարկվում է որպես պոտենցիալ հակառակորդների կանխարգելիչ զսպման կարեւոր բաղադրիչ Բելառուսի դեմ զինված ագրեսիայի սանձազերծումից. դա մեր հարկադրված միջոցն է», – պարզաբանել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:


Խրենինը նշել է,որ Բելառուսի իշխանությունները ձեռնարկում են համարժեք միջոցներ, որոնք համապատասխանում են ռազմական վտանգի մակարդակին: Նոր դոկտրինի համաձայն՝ գործողությունների գլխավոր ուղղությունը իրավիճակի էսկալացիայի կանխումն ու իրավիճակի լիցքաթափումն է։


Բելառուսական կողմը գլխավոր շեշտը դնում է զինված դիմակայության սանձազերծումը զսպելու վրա։ Դա արվում է այն համակարգի միջոցով, որը կանխում է երկրների միջև հակասությունների առաջացումը։


Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պահպանել շահերի հավասարակշռությունը այլ պետությունների հետ, որպեսզի ապահովեն կայունություն և խաղաղ գոյություն: