ՊԵԿ-ը՝ Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ սահմանային անցակետերի մասին

Հայ–վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում ավտոմեքենաների թողունակությունը 2024 թ. վերջին կարող է կրկնապատկվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։


Նրա խոսքով՝ այժմ անցակետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, բեռնատար և ուղեւորատար տրանսպորտի համար նախատեսված գոտիների բաժանում է իրականացվում:


Բացի այդ, ապրանքների զննման և հետբացթողման հսկողության ընթացակարգերում ներդրվում է միասնական չափորոշիչ, որը նույնպես զգալիորեն կարագացնի բեռների բացթողումը։


Վրաստանի հետ սահմանի մեկ այլ անցակետում՝ Գոգավանում, այս պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։


Ինչ վերաբերում Է Իրանի հետ Մեղրիի սահմանային անցակետին, ապա, ըստ Թամազյանի, այն հիմնովին վերակառուցվում է և կհամապատասխանի միջազգային ժամանակակից պահանջներին: Այստեղ աշխատանքներն ավելի ուշ կավարտվեն` 2026 թ.։


Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի Մարգարայի անցակետին՝ Թամազյանը հիշեցրեց, որ այն կապիտալ վերանորոգված է և պատրաստ է շահագործման, հագեցած է անձնագրային հսկողության բոլոր տեխնիկական միջոցներով, որպեսզի ուղևորների սպասարկումը իրականացվի պատշաճ մակարդակով:

Քաղաքականություն