Մեքենաների ներմուծումը ՀՀ 2023–ին աճել է, ապա նվազել
2023 թվականին մեկ տարվա կտրվածքով 83%–ով աճել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը` ամփոփելով 2023 թ. պետական եկամուտների կոմիտեի տարեկան արդյունքները։
«Եթե 2022 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 46 հազար տրանսպորտային միջոց, ապա 2023 թ. շուրջ 84 հազար, այսինքն` 83%–ով աճել է ներմուծումը»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ պատճառը ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներն էին, որոնցով պայմանավորված` ավտոմեքենաները ՌԴ չէին ներմուծվում 3–րդ երկրներից։
«Շատ հաճախ աճը պայմանավորված էր նաև նրանով, որ տրանսպորտային միջոցները ներմուծվում էին հայկական ռեզիդենտ կազմակերպությունների կողմից և արտահանվում դեպի ԵԱՏՄ երկրներ։ Չնայած 2023 թ. օգոստոսի 1–ից ՌԴ–ում ավտոմեքենաների օգտահանման (ուտիլիզացիայի) վճարի գծով կատարվեցին որոշ փոփոխություններ, որի արդյունքում ՌԴ ներմուծվող մեքենաների գծով մի քանի անգամ թանկացավ ուտիլիզացիոն վճարը։ Արդյունքում 2023 թ. օգոստոսից արդեն նկատում ենք, որ ավտոմեքենաների ներմուծման տեմպի նվազում կա»,– մանրամասնեց Թամազյանը։
Ըստ նրա` 2023 թվականին 2022 թ. համեմատ աճել է 3–րդ երկրներից տրանսպորտային միջոցների ներմուծման գծով մաքսային մարմնի կողմից իրականացվող գանձումները, ինչպես են նաև աճ կա կենցաղային և համակարգչային տեխնիկայի, ծխախոտային արտադրատեսակների, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև վառելիքաքսուքային հումքերը, այսինքն` բենզին, դիզելային վառելիքի և այլնի գծով։