Մի տարում 9,7 միլիոն դրամով անհիմն հարստացած ոստիկանը ատեստավորվեց. Իոաննիսյան

Մի տարում 9,7 միլիոն դրամով անհիմն հարստացած ոստիկանը ատեստավորվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:


«Այսօր ոստիկանությունում շարունակվեց բաժինների պետերի ատեստավորումը, որի սահմաններում ՆԳՆ ծառայողների քվեների շնորհիվ ատեստավորվեց նաև Գյումրիի Կումարյիի բաժնի պետ, փոխգնդապետ Կարեն Գևորգյանը՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ նա՝


1. Կնոջ հետ միասին 2023 թվականի ընթացքում, հայտարարագրված եկամուտներից զատ մոտ 9.7 միլիոն դրամի հարստացել են: Այսինքն, միայն 2022 թվականի ընթացքում հայտարարագրված եկամուտները առնվազն 25 հազար դոլարով պակաս են եղել հայտարարագրված ու ասված ծախսերի և գույգային դրության բարելավումից («օգնության» հասած բարձրաստիճան ոստիկանների հուշումով սկսեց ասել, որ այդ գումարը նվիրել են, բայց դա որևէ կերպ չկա իր հայտարարագրում):


2. 2022 թվականին իր կինը գնել է բնակարան, որը հայտարարագրում ներկայացրել է որպես նվիրատվություն: Այս դեպքի մասով, իրավաբանի կրթությամբ փոխգնդապետը պնդում է, որ բնակարանը չի գնել, նվեր է ստացել, բայց այդ նվերի դիմաց էլ 13 հազար դոլար է նվեր տվել իրենց տուն նվիրողին:


3. Իր 2016 թվականի Ford Escape մակնիշի մեքենան առնվազն 6 միլիոն դրամով (իր ասածով՝ 13-ից 15 հազար դոլար, 2021-ի փոխարժեքով) վաճառել է, բայց հայտարարագրում վաճառքի գինը գրել է 2 միլիոն դրամ:

Իսկ հետո վարչապետ Փաշինյանը զարմանում է, որ «գալիս, մեզ դիմում են խնդիրներով, ասում ենք, որ լուծում չկա, հետո գնում, «իրենց ձևերով» լուծում են... կաշառք են վերցնում ով որտեղ պատահի»: Բա ինչի՞ չվերցնեն, եթե անհիմն հարստացողները նույնիսկ ատեստավորվում են ու անցնում ավելի բարձր աշխատավարձի:


Հ.Գ. Այստեղ խնդիրը Կումարյիի բաժնի պետը չէ: Խնդիրն այն է, թե ոնց էին ատեստավորման հանձնաժողովի անդամ-ոստիկանները իրեն «հուշում», թե ինչպես «կռուտիտ» լինել «սորոսականների» հարցերից ու ինչպես էին այս բոլոր հանգամանքներով հանդերձ կողմ քվեարկում:

Հ.Հ.Գ. Այո, ապօրինի հարստացման հոդվածով հանցագործության մասին հաղորդումն ուղարկում ենք»,- գրել է նա

Քաղաքականություն