Արտակարգ դեպք. հրազենային ու դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 30 և 33-ամյա քաղաքացիներ
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի ծակած կույր վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետն ու ոստիկանության Կապանի բաժնի պետը։
Տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Կապանի բնակիչ, 33-ամյա Մհեր Աբգարյանն է։
Տեղում պարզվել է նաև, որ «ձախ թիկնային գծով երրորդ գոտկային ողի մակարդակի գնդակային վիրավորում» ախտորոշմամբ ևս մեկ հոգի է տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն։
Տեղում ոստիկանները պարզել են, որ նա Կապանի բնակիչ, 30-ամյա Արարատ Դավթյանն է։
Բժիշկները հայտնել են, որ նա նույնպես ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։շ
Ահազանգով ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև որտեղ և ինչ պայմաններում են նրանք վնասվածքներ ստացել։