
2 տնտեսվարողի նկատմամբ ՄՊՀ-ն «Սիթի բայքի» առնչությամբ վարույթ է հարուցել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով: Այս մասին հայտնում է հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։
Պատճառը մասնավորապես այն է, որ «citibike»-ի գործունեության վերաբերյալ տարբեր անվանումները կրող ֆեյսբուքյան, տելեգրամյան, յութուբյան, ինստագրամյան, տիկտոկյան էջերում տարածվել են հետևյալ հրապարակումները․ կատարել ներդրումներ՝ գնելով VIP սարքավորումներ, իսկ ներդրված գումարների դիմաց առաջարկվում են առերևույթ անիրատեսական բարձր տոկոսներ, «Մեր Citi Bike-ը հովանավորվում է աշխարհի ամենամեծ Citibank-ի կողմից», այնինչ դա առերևույթ չի համապատասխանում իրականությանը, «Մենք ներկայացնում ենք ամերիկյան CitiBike ընկերությունը», այնինչ դա առերևույթ չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք՝ «Հետք»-ը պարզել էր, որ «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում է ներդրումներ անել և գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։ Եթե ներդրողը հրավիրի նաև ընկերներին, ու նրանք իր կոդով գրանցվեն, ապա այդ գրանցումներից նույնպես ներդրում կատարողը գումար կստանա։ Այս սխեման ֆինանսական բուրգ էր հիշեցնում։ Բացի այդ, կայքը հանդես էր գալիս ամերիկյան հայտնի City bike ընկերության անունից, և նշում, թե երբ մարդիկ ներդրում են անում, ամերիկյան ընկերությունը դա օգտագործում է նոր հեծանիվների համար, և դրանք վարձակալության տալով՝ մարդկանց տոկոսներ է տալիս։ Մարդկանց էջերն առանց պատճառի արգելափակում էին և բոլորին մեկ պատասխան էին տալիս՝ «կապվեք ձեր վերադասի հետ»։ Իսկ երբ մարդիկ գրում էին «վերադասներին», նրանք չէին պատասխանում նամակներին կամ կրկին արգելափակում էին։