
Պարեկների և աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքերը անթույլատրելի են․ Թորոսյան

Սևանա լճում և ափամերձ տարածքներում Պարեկային ծառայության և Սևան ազգային պարկի աշխատակիցների նկատմամբ մի խումբ քաղաքացիների կողմից իրականացված բռնության դեպքերը անթույլատրելի են։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «ՔՊ» պատգամավոր Արսեն Թորոսյանը․
«Իրավական պետության կառուցման ճանապարհին օրենքի գերակայությունը ապահովող անձանց նկատմամբ նման վարքագիծը պետք է իրավական խիստ գնահատականի արժանանա։
Մի քանի տարի առաջ նման մի պատմություն էր եղել մաև Տավուշի անտառների հետ կապված։
Մեր երկրի ազգային ռեսուրսները որևէ մեկի սեփականությունը չեն և չեն կարող լինել, դրանք բոլորիս սեփականությունն են և պաշտպանված են օրենքով։ Թե՛ ծառահատման, թե՛ ձկնորսության համար կան օրենքով սահմանված ընթացակարգ, ծավալներ և ժամկետներ, որոնցից դուրս տեղի ունեցող բոլոր գործընթացները պետք է խստագույնս կասեցվեն»,- գրել է պատգամավորը և հավելել․
«Շնորհակալություն եմ հայտնում ջրային պարեկային ծառայությանը և Սևան ազգային պարկի աշխատակիցներին ծառայության համար»։
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքում ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, բռնություն են կիրառել ծառայողական պարտականություններն իրականացնող պաշտոնատար անձնանց նկատմամբ. ձերբակալվել է 26 անձ։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։