
Միակ բացակայող կոմպոնենտը Ադրբեջանի քաղաքական կամքն է․ Միրզոյան

Հայաստանի կառավարությունը հուսով է, որ Ադրբեջանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, խաղաղության պայմանագրի հետ կապված աշխատանքների մեծ մասն արդեն արված է։ Այս մասին այսօր Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Պետք է Ադրբեջանը վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների ձևաչափ, գործի մեծ մասը արվել է, եթե խոսում ենք պայմանագրի մասին, մեզ պետք է հանդիպել ու պայմանավորվածությունների գալ։ Գործի մեծագույն մասն արվել է, եթե մենք վերադառնանք ու ընդունված մեխանիզմներով աշխատել, կկարողանանք արագ արդյունքի հասնել։ Միակ բացակայող կոմպոնենտը, որը պետք է գա ամբողջացնելու այս շղթան, Ադրբեջանի քաղաքական կամքն է, որը պետք է դրսևորվի կամ չդսևորվի»,- ասաց նա։
Միրզոյանը նաև նշեց՝ պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
«Այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Եթե նկատել եք`երկու բաղադրիչ կար գերիների փոխանակում և Կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտը, որը պաշտոնապես ավարտվել է երեկ։ Այսօր արդեն կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի կատարի պայմանավորվածությունը»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով գերիների վերադարձի վերաբերյալ հարցին։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի հետ սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդլայնելու Եվրամիության որոշումը։
«Մեր կառավարությունը բարձր է գնահատում առաքելությունն ընդլայնելու վերաբերյալ ԵՄ ԱԳ նախարարների որոշումը։ Ես հաստատում եմ ՀՀ կառավարության դիրքորոշումը, մենք պատրաստ ենք խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ այնքանով, որքանով ԵՄ-ն դա հնարավոր է համարում»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ավելի վաղ հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները որոշել են Հայաստանում ԵՄ դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, առաքելության ընդլայնումը հայ-ադրբեջանական սահմանի կայունության բարձրացման միջոց կդառնա։