Քաղաքականություն

10 հազար հոգի համ չի ծառայում, համ չի դատվում, համ փող չի տալիս. Կոնջորյան

Edita
10 հազար հոգի համ չի ծառայում, համ չի դատվում, համ փող չի տալիս. Կոնջորյան

ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ գումարի դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից, հետևանքների վերացման դեմ է պայքարում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: 


«Այս պահի դրությամբ շուրջ 10 հազար քաղաքացի կա, որ գտնվում է հետախուզման մեջ, այդ մարդիկ բանակում չեն ծառայել, հետևաբար, նշանակում է, որ այդ մարդիկ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, բայց այդ 10 հազարից մոտ 4-5 հոգին են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ստացվում է, որ 10 հազար հոգի հա՛մ չի ծառայում, հա՛մ չի դատվում, հա՛մ փող չի տալիս»,-ասաց Կոնջորյանը։


Նա Հայկ Սարգսյանին հորդորեց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագծի շուրջ քննարկումներ ունենալ պատգամավորների և կառավարության գործընկերների հետ` նշելով, որ հարցն էմոցիոնալ է։


Հիշեցնենք, որ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ քննարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած անձանց մասին կարգավորումը, որը 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած զինծառայողներին հնարավորություն կտա անցնելու պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկն ընտրելով` երկու տարի ուղղակի ծառայելով, մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե, վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ, մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ, չծառայելով ու վճարելով 15 մլն դրամ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250