ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիները կգան Հայաստանում կապրեն․ Սիմոնյան

Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


«Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն, միգուցե, կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը: Այն, ինչ-որ մենք փոխանցել ենք, և այն, ինչ-որ մենք բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլ լավ գիտեն ու հիմա անընդհատ դրա մասին խոսելն արհեստական խնդիրներ է առաջացնում։ Ակնհայտ է, որ մենք, իրոք, խոսում ենք խաղաղության մասին, այլ ոչ թե թուղթ ենք ստորագրում կամ ձև ենք անում»,- ասաց Սիմոնյանը։


ԱԺ նախագահի կարծիքով՝ պետք է ինչ-որ ժամանակ անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի ատելության խոսքը։


«Պետք է հասկանալի լինի, որ, այո՛, ժամանակ կանցնի և, չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն և ադրբեջանցիները կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո՛, խաղաղության ենք գնում, խաղաղությունը այլ կերպ չի լինում ու այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք և մեզ համար անլուծելի խնդիր է՝ ինձ համար անընդունելի է, որովհետև պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր։ Անգլիան և Ֆրանսիան 116 տարի պատերազմել են և այսօր Անգլիան ու Ֆրանսիան դաշնակիցներ են իրար հետ»,- նշեց նա։



Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ Սիմոնյանը նաև նշեց՝ չի կարելի հայ զինվոր սպանել ու ասել՝ ռևանշիզմից վախենում ենք, ուրեմն` նորմալ հարաբերություն հաստատեք։


Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն