ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը հաղթեց և 4-րդ ոսկին բերեց Հայաստանի հավաքականին
Երևանում կայացած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հասավ աննախադեպ, ֆանտաստիկ արդյունքի։
Հայ բռցքամարտիկների համար ավարտվեց բռնցքամարտի ավագ տարիքի աշխարհի առաջնությունը (եզրափակիչ մենամարտերը դեռևս ընթանում են)։ Հայաստանի հավաքականի կազմում եզրափակիչ վերջին մենամարտն անցկացրեց Ալբերտ Հարությունյանը, որը 75կգ քաշայինների եզրափակիչում մենամարտեց հնդիկ Սահիլ Սահիլի հետ ու հաղթելով` 4-րդ ոսկին բերեց Հայաստանի հավաքականին։
Հնդիկ բռնցքամարտիկը բավականին բարձրահասակ էր, հետևաբար Ալբերտը ստիպված էր անընդհատ կրճատել հարվածային տարածությունն ու գործել կա՛մ մոտ տարածության վրա, կա՛մ էլ մերձամարտում։ Եվ առաջին ռաունդում Ալբերտը շատ լավ կատարեց իր առաջադրանքն ու հաղթեց 5։0 հաշվով։ Զգալով, որ պարտվում է, հնդիկ բռնցքամարտիկը կտրուկ ակտիվացավ ու կարողացավ երկրորդ ռաունդում կորզել հաղթանակ՝ 3 ։2 հաշվով։ Վճռորոշ դարձավ երրորդ ռաունդը, որի ընթացքում հնդիկը հայտնվեց նոկդաունում, բայց շարունակեց համառ պայքարել հաղթանակի համար։
Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս եկած 16 բռնցքամարտիկներից տասը դարձան մեդալակիր։ Մերոնք նվաճել են 4 ոսկե (Վաղարշակ Քեյան, Տիգրան Հովսեփյան, Արգիշտի Հակոբյան, Ալբերտ Հարությունյան), 5 արծաթե (Արեն Խառատյան, Սամվել Սիրամարգյան, Առնո Դարչինյան, Հեղինե Պետրոսյան, Անդրանիկ Մարտիրոսյան), 1 բրոնզե (Տիգրան Խաչատրյան) մեդալ։