ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դուք ինձ մի սովորեցրեք». լարված իրավիճակ՝ ՀՖՖ նախագահի ընտրությունների ժամանակ

ՀՖՖ նախագահի ընտրության մեկնարկից առաջ «Ուրարտու» ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցը հարց հնչեցրեց, բայց նրան փորձեցին թույլ չտալ, քանի որ հարցը ռուսերեն էր: Ջեւան Չելոյանցն ամեն դեպքում հնչեցրեց հարցը, հետաքրքրվելով արդյոք Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը լեգիտիմ է: Նրա խոսքով ՀՖՖ գործող նախագահը պետք է հրաժարական տար մինչեւ ընտրությունը:


«Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը առաջադրվել է լիովին լեգիտիմ կերպով, այն անցել է համապատասխանության ստուգում ընտրական կոմիտեի կողմից: Կանոնադրության որեւէ կետ եւ որեւէ հոդված չի սահմանում պահանջ, որպեսզի գործող նախագահը հրաժարական տա կամ այլ գործառույթ իրականացնի եւ գործող կանոնադրությունը թույլ է տալիս, որ գործող նախագահը շարունակի ղեկավարել մինչեւ ընտրությունների օրը ներառյալ: Առաջադրված երկու թեկնածուների նախագահի պաշտոնի համար առավել քան լեգիտիմ են»,- ասաց ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը:


Գլխավոր քարտուղարը Ջեւան Չելոյանցին եւս մեկ անգամ նկատողություն արեց, թե ինչու է ռուսերեն խոսում, որովհետեւ ըստ կանոնակարգի ժողովի անցկացման լեզուն հայերենն է:


«Ես հիանալի խոսում եմ ռուսերեն եւ դուք դրա մասին շատ լավ գիտեք: Դուք գտնվում եք ՀՖՖ ժողովում, որտեղ պաշտոնական լեզուն հայերենն է: Դուք 7 տարվա ընթացքում լինելով եւ ապրելով Հայաստանում ղեկավարելով ակումբը կարող էիք շատ հանգիստ խոսել հայերեն»,- նկատեց Արթուր Ազարյանը:


«Ուրարտու» ակումբի նախագահն էլ տեղից արձագանքեց.


«Դուք ինձ մի սովորեցրեք ես ինչ եմ կարող, ինչ չեմ կարող անել: Ես ինչ պետք էր արդեն վաղուց սովորել եմ: Սա մեկ: Հայաստանի բնակչության 95 տոկոսը Մելիքբեկյանին դեմ է: Այդ մասին կտեսնենք ընտրություններից հետո»:


Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն էին՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյան եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին:


Մանրամասները՝ տեսանյութում։


Քաղաքականություն