ՌԴ-ում նշել են Հայաստանից որոշ ապրանքների մուտքը թույլ չտալու պատճառները
Ռուսաստանի անասնաբուժական ու սանիտարահիգիենիկ հսկողության ծառայությունը՝ Россельхознадзор հայտնել է Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների մասին։ Այս հանգամանքով է պայմանավորված Հայաստանից որոշ ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրները։
Ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ 2023 թվականին Ռոսսելխոզնադզորի տարածքային վարչությունների կողմից հայտնաբերվել է Հայաստանից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների առկայության 72 դեպք: Իսկ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ։
«Միայն նոյեմբերի 24-26- ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 փաստ, որոնք ստացվել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ծառայության հաղորդմամբ՝ բուսական արտադրանքներում հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտին Արևելյան ցեց (Grapholita molesta (Busck), Պեպինո խճանկարային վիրուս (Pepino mosaic virus), լոլիկի մրգերի շագանակագույն կնճռոտման վիրուս (Tomato brown rugose fruit virus) և արևմտյան ծաղկային տրիպս (Frankliniella occidentalis Pergand):
Բացի այդ, նոյեմբերին հայտնաբերվել է լոլիկի, ելակի, խնձորի եւ խաղողի մեջ պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 5 դեպք, ինչը կարող է վկայել Հայաստանի արտադրողների կողմից պեստիցիդների կիրառման կանոնակարգերի խախտման մասին, նշվում է հաղորդագրության մեջ:
«Նշվածը վկայում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար: Ռոսսելխոզնադզորը բոլոր խախտումների մասին տեղեկացրել է Հայաստանի Իրավասու գերատեսչությանը, սակայն իրականացված հետաքննությունների մասին տեղեկատվություն ծառայության հասցեին մինչ օրս չի ստացվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դա հաշվի առնելով՝ Ռոսսելխոզնադզորը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով անհապաղ սպառիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստան վարակված արտադրանքի առաքումը կանխելու համար և տեղեկացնել ռուսական գերատեսչությանը կատարված աշխատանքի մասին:
Դրա հետ մեկտեղ սահմանին բուսասանիտարական վերահսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից մեկնող բեռների զննման եւ ձեւակերպման կանոնները չեն փոխվել, հաղորդում է ծառայությունը: