Իրանը մարզել է ՀԱՄԱՍ-ն ու «Իսլամական ջիհադը». The Wall Street Journal

Իսրայելի վրա հարձակումից մի քանի շաբաթ առաջ Իրանը մարզել է մոտ 500 պաղեստինցի գրոհայինների, սակայն անհասկանալի է, թե արդյոք զորավարժությունները հոկտեմբերի 7-ի հարձակման նախապատրաստման մաս են կազմել: Տեղեկույունը հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով հարձակման մասին հետախուզական տվյալներին ծանոթ զրուցակիցներին և ամերիկացի պաշտոնյաներին։

 

«Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից մի քանի շաբաթ առաջ պաղեստինյան խմբավորման հարյուրավոր զինյալներ մասնագիտացված մարտական պատրաստություն են անցել Իրանում, Ինչպես հայտնում են հարձակման հետ կապված հետախուզական տվյալներին ծանոթ մարդիկ»,- գրում է պարբերականը:

 

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման 500 զինյալներ մասնակցել են սեպտեմբերյան զորավարժություններին, որոնք ղեկավարել են «Քուդս» ուժերի սպաները, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտասահմանյան գործողությունների ստորաբաժանումները:

 

Նրանց խոսքով՝ զորավարժություններին ներկա են եղել նաև պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյաներ և իրանցի բրիգադի գեներալ Էսմայիլ Քաանին՝ «Քուդս»ուժերի ղեկավարը:

 

Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ Իրանը պարբերաբար մարզում է գրոհայիններին իր երկրում և այլ պետություններում, բայց, ըստ նրանց, «հարձակման նախօրեին զանգվածային մարզումների որևէ նշան չկա»: