Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում

Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն են բաժանել, որի մեջ եղել է նաև ոչ պիտանի ճակնդեղ (բազուկ)։ 

 

Հասկանալու համար, թե ինչպես է ոչ պիտանի ճակնդեղ տրամադրվել Ջերմուկում ապաստանած արցախցիներին, Auroranews-ը կապ հաստատեց Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի՝ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի հետ։ 

 

Վարդան Սարգսյանի խոսքով՝ օգնությունը համայնքապետարանի կողմից չէ, այլ պարզապես բարեգործություն կատարող անձանց համայնքապետարանն ընդառաջել և օգնությունն արցախցիներին է փոխանցել։ «Քաղաքապետարանի կողմից ընդամենը կատարվել է պահեստավորում և բաժանում»,-ասաց նա։ 

 

Auroranews-ի հետ զրույցում նաև համայնքապետարանի սոցիալական աշխատող Մոմիկ Մարգարյանը մանրամասներ ներկայացրեց։ 

 

«Դոնոր կազմակերպությունների կողմից ստացել ենք կարտոֆիլ, գազար, կաղամբ, սոխ։ Մենք ընդամենրը տրամադրել ենք պահեստ և մեր կամավոր երիտասարդներն օգնությունը բաժանել են արցախցիներին»,-ասաց նա։ 

 

Ինչ վերաբերում է ոչ պիտանի ճակնդեղին, Մարգարյանն ասաց․ «Բանվորները գնված բազուկի պարկերը շփոթել և վատ որակի բազուկի պարկերն են բերել, որը չպետք է բաժանվեր։ Քանի որ գրառում կատարող ընտանիքի համար նախատեսված բազուկի չափն այնքան է եղել, որքան պարկում, առանց բացելու և ստուգելու տրամադրել են»։

 

Մարգարյանի խոսքով՝ ապրանքը գնվել է 3 տեղից, 2 տեղինը իդեալական վիճակում է եղել, իսկ 3-րդ տեղից գնված ճակնդեղը շփոթմունքի արդյունքում՝ վատը։ Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին բազուկը հետ են հավաքում, որի փոխարեն նոր բազուկ կփոխանցվի։ 

 

Նշենք, որ Ջերմուկի համայնքապետարանը նաև պարզաբանում է ներկայացրել․ 

 

«Արցախից բռնի տեղահանված և այս պահին Ջերմուկ քաղաքում բնակվող մեր հայրենակիցների սննդօգնությունը ՉԻ՛ տրամադրվում Ջերմուկի համայնքապետարանի կողմից, այլ տարբեր կազմակերպությունների՝ որոնք ցանկություն են հայտնել այս պահին օգնություն տրամադրելու։

 

Դոնոր կազմակերպություններից մեկի կողմից տրամադրված բանջարեղենի մեջ, թյուրիմացաբար հայտնվել է ոչ պիտանի բանջարեղեն, և քանի որ տեղում բաշխման պահեստում պարկերը չեն բացվում, այն հայտնվել է բնակչի մոտ»,-ասված է հայտարարության մեջ։

 

Քաղաքականություն