Եվս 14 բեռնատար մարդասիրական օգնությամբ «Ռաֆահ» անցակետով ուղարկվել է Գազայի հատված
Մարդասիրական օգնություն տեղափոխող 14 բեռնատարների շարասյունը անցել է Գազայի հատվածի հետ Եգիպտոսի սահմանի Ռաֆահ անցակետով։ Այս մասին Reuters-ին հայտնել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը:
Եգիպտական կողմը ավելի վաղ հայտնել էր, որ կիրակի՝ հոկտեմբերի 22-ին, մարդասիրական օգնություն տեղափոխող 17 բեռնատարներ անցել են սահմանով, սակայն այս տեղեկությունը ավելի ուշ հերքվել էր ՄԱԿ-ի կողմից։ Անհասկանալի է, թե ընդհանուր առմամբ քանի մեքենա է ուղարկվել կիրակի: Reuters-ի աղբյուրները պնդում են, որ ընդամենը մեկ օրում Գազայի հատված է մտել մոտ 19 բեռնատար։ Շաբաթ օրը անցակետով անցել են առաջին 20 մեքենաները։
Կիրակի անցակետում ավտոշարասյուն պատրաստելիս պայթյուն է եղել։ Իսրայելական տանկերից մեկը սխալմամբ կրակոց է արձակել և խոցել սահմանի մոտ գտնվող եգիպտական օբյեկտը։ Մի քանի մարդ վիրավորվել է։
Գազայի հատվածում հումանիտար իրավիճակն ավելի է բարդացել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակմանը Իսրայելի ռազմական պատասխանի ֆոնին։ Կողմերը գտնվում են պատերազմական իրավիճակում: Իսրայելը շրջափակել է անկլավը և պահանջել է, որ իր հյուսիսային մասում գտնվող 1,1 միլիոն խաղաղ բնակիչները տարհանվեն հարավ: Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է ցամաքային գործողությունների: ՄԱԿ-ի հինգ գործակալություններ Գազայում իրավիճակը աղետալի են անվանել։