«Բալթիկքոնեքթոր» գազատարի վնասման վայրում վնասվել է նաև Շվեդիայի և Էստոնիայի կապի մալուխը
Շվեդիայի իշխանությունները հայտնել են Էստոնիայի հետ ստորջրյա կապի մալուխի վնասման մասին
Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կարլ-Օսկար Բոհլինը հայտնել է, որ Բալթիկ ծովում վնասվել է իր երկրի և Էստոնիայի միջև կապի մալուխը: Բոլինի խոսքով՝ մալուխը վնասվել է այն նույն տարածքում, որտեղ վնասվել է «Բալթիկքոնեքթոր» գազատարը և մոտավորապես միաժամանակ։
«Այս պահին չենք կարող ասել, թե ինչն է վնասել մալուխը»,- ասել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ, որը մեջբերում է Yle-ն։ Սակայն նա վստահեցրել է, որ մալուխը չի կոտրվել։
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնն ասել է, որ շվեդական իշխանությունները լրջորեն են վերաբերվում իրավիճակին, քանի որ այն կապված է կարևոր ենթակառուցվածքների հետ:
Հոկտեմբերի 8-ին ֆիննական գազային ցանցի օպերատոր Gasgrid Finland-ը և էստոնական գազային ցանցի օպերատոր Elering–ը նկատել են «Բալթիկքոնեքթոր» գազատարում ճնշման անկում։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ասել է, որ վնասը կարող է լինել արտաքին ազդեցության հետևանք։ Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնել է արտահոսքի տարածքում «արտաքին հետքեր» հայտնաբերելու մասին։
Էստոնական Postimees հրատարակությունը, վկայակոչելով Marine Traffic նավի հետագծման համակարգի տվյալները, հայտնում է, որ արտահոսքի օրը գազատարի մոտով անցել է Չինաստանին պատկանող Newnew Polar Bear կոնտեյներային նավը, որը կրում է Հոնկոնգի դրոշը։