Գերմանիան կվերանայի իր օգնությունը պաղեստինցիներին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո
Գերմանական կառավարությունը կիրակի օրը հայտարարել է, որ վերանայում է հարյուր միլիոն եվրոյի օգնությունը պաղեստինցիներին՝ պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումից հետո, հայտնում է Reuters-ը։
Գերմանիայի զարգացման նախարար Սվենյա Շուլցեն հայտարարել է, որ կառավարությունը միշտ ուշադիր հետևել է, որ փողն օգտագործվի միայն խաղաղ նպատակներով։
«Սակայն Իսրայելի վրա այս հարձակումները սարսափելի շրջադարձ են ներկայացնում», - ասել է նա: «Այժմ մենք կվերանայենք մեր բոլոր պարտավորությունները՝ կապված պաղեստինյան տարածքների հետ»։
Գերմանիան Իսրայելի հետ կքննարկի տարածաշրջանում զարգացման ծրագրերը լավագույնս իրականացնելու ուղիները և իր գործողությունները կհամակարգի միջազգային գործընկերների հետ, ասել է նախարարը։
Գերմանացի որոշ օրենսդիրներ, մասնավորապես ընդդիմադիր պահպանողականները, կոչ են արել դադարեցնել օգնությունը:
«Ամբողջ Եվրոպան, բոլոր 27 պետությունները, այժմ պետք է ասեն. մենք պետք է ամեն ինչ սկսենք սկզբից, և մենք այլևս չենք ֆինանսավորի ահաբեկիչներին», - ասել է դաշնային վերջին ընտրություններում կանցլերի պահպանողական թեկնածու Արմին Լաշետը՝ կոչ անելով դադարեցնել ԵՄ համագործակցությունը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։