Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ Ադրբեջանից հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի համար
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, բացի այդ՝ 102 հազար եվրո է տրամադրել Հայկական կարմիր խաչին՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, այդ թվում՝ վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին աջակցելու նպատակով:
«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան այս մասին հայտնում է Հայաստանում Հունգարիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Աննա Մարիա Սիկոն:
Անդրադառնալով Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների և դրա արդյունքում ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումների մասին հարցին՝ դեսպանը շեշտում է, որ Հունգարիան հստակ և հաստատուն դիրքորոշում ունի բոլոր զինված հակամարտությունների վերաբերյալ, ինչը բազմիցս են արտահայտել:
«Վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտական ճանապարհով: Միայն մեկ կայուն լուծում կարող է լինել, և դա խաղաղությունն է»,-ասում է դեսպանը՝ հավելելով, որ դա է ճիշտը նաև կովկասյան տարածաշրջանի համար։
Հունգարիան հույս ունի, որ պատերազմներն ու մարդկանց տառապանքները շուտով կփոխարինվեն խաղաղ համակեցությամբ:
Դեսպանի վստահեցմամբ՝ Հունգարիան լիովին հասկանում է իրավիճակի լրջությունը, այդ իսկ պատճառով մի քանի օր առաջ ինքը ժամանել է Երևան, հանդիպել հայ քաղաքական և հոգևոր առաջնորդների հետ՝ քննարկելու մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը։
«Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ Հունգարիան 102 հազար եվրո է նվիրաբերել Հայկական Կարմիր խաչին «Հունգարիան օգնում է» ծրագրի միջոցով՝ աջակցելու մարդասիրական ծրագրերին։ Հունգարական օգնության նպատակն է նպաստել տարածաշրջանում կայունությանը` օգնելով հակամարտության և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց»,-ասում է Աննա Մարիա Սիկոն:
Հունգարիան ուրախ է, որ կարող է անհապաղ օգնություն ցուցաբերել այս սարսափելի հանգամանքներում և հնարավոր ամեն ջանք կգործադրի դա շարունակելու համար։
Իսկ թե ի՞նչ դիրքորոշում ունի Հունգարիան դեռ 2021-ի մայիսից Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի վերաբերյալ՝ դիվանագետը վստահեցրեց, որ միջազգային իրավունքի հիման վրա Հունգարիան հավատարիմ է մնում ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքին։ Բազմաթիվ առիթներով են հստակեցրել իրենց դիրքորոշումն այս առնչությամբ։ Հունգարիան ցանկանում է, որ մարդկային տառապանքներին վերջ տրվի, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա խաղաղ ապրել: Դեսպանը վստահեցնում է, որ Հունգարիան միշտ աջակցել Է այս նպատակով նախաձեռնություններին և կշարունակի դա անել:
Իսկ Ադրբեջանում մինչև այժմ ապօրինաբար պահվող հայ գերիների առնչությամբ դեսպանը հավաստիացնում է. «Հունգարիան պատրաստ է կրկին միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու հայ ռազմագերիների անվտանգ վերադարձին իրենց հայրենիք»:
2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 5 հայ ռազմագերի էր վերադարձել հայրենիք:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են. Արթուր Հարությունյան
ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը մի քանի ժամ...
Եթե խաղաղապահները ԼՂ–ից դուրս գան, ուրեմն պետք է հետ գնան Ռուսաստան. Փաշինյան
Եթե ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից դուրս գան, ուրեմն նրանք պետք է հետ գնան Ռուսաստան։ Հանրային հեռուստաընկերության...
90 ավտոբուսներով գիշերը Ստեփանակերտից ժամանել է մոտ 3 հազար անձ. Վարդան Սարգսյան
Քաղաքացիների հաշվառումը, գրանցումը և անհրաժեշտ կարիքների գնահատումը կատարվում է նույն՝ 24-ժամյա ռեժիմով, և բոլոր պատկան...
Իրանը Հայաստանի պատճառով ՆԱՏՕ–ի 3–րդ բանակի հետ բախման չի գնա. վարչապետի նախկին խորհրդական
Իրանը Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ բախման չի գնա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկ...