ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է դավшճանության համար՝ հայտարարելով քաղաքականության մեջ մտնելու մասին

ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է քաղաքական գործունեություն սկսելու և նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։

 

Կարապետյանը նախ անդրադարձել է ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնից ազատվելուն՝ շեշտելով, որ պատճառն Ադրբեջանի ԶՈւ-ի ներկայացրած վերջնագիրը չընդունելն էր, սահմանի խախտման դեպքում Ադրբեջանի ԶՈւ-ի ուղղությամբ կրակ բացելու հրաման տալը և Արցախ մեկնելն ու այն պաշտպանելու որոշումը։

 

Կարապետյանը ՀՀ գործող իշխանություններին մեղադրել է վախկոտության ու դավաճանության արդյունքում Արցախը հանձնելու և արցախահայությանը բախտի քմահաճույքին թողնելու համար և ընդգծել, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև Հայաստանին։

 

«Մեր երկրի և տարածաշրջանի շուրջ չափազանց արագ զարգացող աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների պայմաններում մենք ականատեսը եղանք Արցախի սարսափելի դժբախտությանը, որը տեղի ունեցավ ՀՀ իշխանության վախկոտության ու դավաճանության հետևանքով։ Նրանք թողեցին արցախցիներին ճակատագրի քմահաճույքին։ Դավաճանություն, որը հանգեցրեց Արցախի ՊԲ-ի լուծարման»,- նշել է նա։

 

Անդրադառնալով Բաքվի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը՝ Կարապետյանը հայտարարել է․

 

«Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է, վախենալով իր աթոռի համար, դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել արժանապատիվ հայորդի Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ նրա մուտքը Հայաստանի տարածք։ Մեր կառավարությունը, որը բաղկացած է դիլետանտների ու վախկոտների խմբից, խոսում է անկախության, անվտանգության ու խաղաղ ապագայի մասին, ակնհայտորեն հույսը դնելով դահճի գթասրտության վրա»։

 

Նա նաև հիշեցրել է ՀՀ կառավարությանը, որ անգամ մեկ սխալ գործողության կամ արտահայտության համար ժողովրդավարական պետություններում կառավարությունը հրաժարական է տալիս։

 

Արշակ Կարապետյանը նաև ՀՀ գործող իշխանություններին մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, հայ և ռուս ժողովուրդներին թշնամացնելու փորձ ձեռնարկելու համար՝ շեշտելով, որ ներկայիս իրավիճակն օգտագործվում է թշնամանք սերմանելու համար։ Դիմելով ՌԴ ղեկավարությանը՝ Կարապետյանը հորդորել է կանխել Հայաստանի պետականությունը ոչնչացնելու՝ Փաշինյանի փորձերը։

 

Ամփոփելով խոսքը՝ Կարապետյանն ազդարարել է քաղաքական գործունեություն սկսելու և Հայաստանը ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու նպատակով քաղաքական շարժում ձևավորելու որոշման մասին։ Նա նաև հավելել է, որ պատրաստվում է ստեղծել ապահով անվտանգության համակարգ Հայաստանի պետականության պահպանման ու երկրի բարգավաճման համար։