Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր Գրանադայում կայացած հանդիպման արդյունքում հայտարարություն են ընդունել, որում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն։
Հայտարարությունում Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծում են «իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»։
«Նրանք նաև իրենց աջակցությունը հայտնեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա», - ասված է հայտարարությունում։
«Նրանք համաձայնեցին Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության շուրջ, քանի որ այն բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանության հետևանքներին։ Նրանք ընդգծեցին, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները», - նշված է քառակողմ հայտարարությունում։
«Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 հազար 800 քկմ) և Ադրբեջանի (86 հազար 600 քկմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։ 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար», - ասված է հայտարարությունում։
«Նրանք կոչ արեցին ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», - նշված է հայտարարությունում։
«Եվրոպացի առաջնորդները կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհետ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար», - ասված է քառակողմ փաստաթղթում։
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղե...
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավայր և տեսակցել Ռուբեն Վարդանյանին: Նրան հնարավորություն է տր...
Ռուսական խաղաղապահ առաքելությունը մինչև նոյեմբերի 1-ը դուրս կգա՞ Արցախից
Համացանցում եւ որոշ թելեգրամյան ալիքներում տեղեկություն է տարածվում, թե մինչեւ 2023 թ-ի նոյեմբերի 1-ը ռուսական խաղաղապահ...