
Էրդողանը չեղարկել է այցը Գրանադա. որն է պատճառը

Թուրքիայի նախագահը չեղարկել է իր ծրագրված այցը իսպանական Գրանադա, որտեղ պետք է մասնակցեր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս քայլը նրա առողջական խնդիրների մասին ասեկոսեներ է առաջացրել, գրում է RTVI–ը:
Թուրքիայի իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հոկտեմբերի 4-ին պաշտոնապես հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որը նախատեսված է հոկտեմբերի 5-ին Գրանադայում: Շուտով այս տեղեկությունը հաստատել են Էրդողանի վարչակազմից:
Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում էին, որ ճամփորդությունից հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիան և Գերմանիան դեմ են արտահայտվել Ալիևի և Փաշինյանի միջև բանակցություններին նրա մասնակցությանը, և Փարիզն ընդհանուր առմամբ «կործանարար» դիրքորոշում է ընդունել այս հարցում։ Էրդողանը պետք է բանակցություններ վարեր նաև Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսի հետ։
Թուրքական լրատվամիջոցները որպես նրա ծրագրերը չեղարկելու պատճառ նշել են թուրք նախագահի հիվանդությունը, ենթադրաբար՝ մրսածությունը։
Որպես փաստարկ՝ նրանք բերել են այն, որ հոկտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահը պետք է մասնակցեր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին, որի նախագահն է, սակայն այս միջոցառումը նույնպես չեղարկվել է։ NTV հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հեռարձակել Էրդողանի՝ հանրային միջոցառմանը մասնակցելու մասին՝ չնշելով նրա մրսածության մասին լուրերը։
Այս տարի սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Էրդողանը հիվանդության պատճառով ստիպված է լինում հրաժարվել քաղաքական իրադարձություններից։ Ապրիլին Էրդողանը երեք օրով չեղյալ հայտարարեց հրապարակային ելույթներն ու քաղաքական հանրահավաքները։ Թուրքական լրատվամիջոցները պնդում էին, որ պետության ղեկավարը հիվանդացել է հեռուստաստուդիայում ուղիղ եթերի ժամանակ։ Ինքը՝ Էրդողանը, ասել է, որ «ստամոքսի լուրջ ցավ ունի»։
Սրանից հետո սոցիալական ցանցերում տեղեկություններ սկսեցին հայտնվել, որ Թուրքիայի նախագահը սրտի կաթված է ստացել և ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը չի հաստատել ԶԼՄ–ների այս վարկածը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Իսպանիայում ԵՄ առաջնորդների մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից: