ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հռոմի ստատուտի վավերացմանը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։
Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Նախագծի զեկուցող Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ վավերացման գործընթացը վերաիմաստավորվում է նաև այսօր, երբ Արցախից բռնի տեղահանվում են մեր հայրենակիցները։
«Այս բռնի տեղահանումը ևս, կարծում ենք, կանոնադրության իրավազորության ենթակա հանցագործությունների շարքին է դասվում` որպես մարդկայնության հետ ուղղված հանցագործություն։ Սա ևս մեկ անգամ վերաիմաստավորում և հիմնավորում է այս գործընթացը նախաձեռնելու անհրաժեշտությունը»,– ասաց Կիրակոսյանը։
Նրա բացատրեց, թե ինչու է կառավարությունն առաջարկել կանոնադրության վավերացումից բացի հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը` սկսած 2021թ. մայիսի 10-ից։ Այդ ժամանակահատվածից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները սկսեցին ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, եղան գերեվարումներ, մարդու իրավունքների այլ խախտումներ։
Կիրակոսյանի կարծիքով` կանոնադրության վավերացումը կարող է նաև որոշակի դերակատարում ունենալ Հայաստանի անվտանգային ոլորտում։
«Օրինակ` կարող են լինել երկրներ, որոնք այս հանգամանքը կկարևորեն տարբեր տեսակի պաշտպանական համակարգերի տրամադրման, զինատեսակի առևտրի դեպքում։ Կանոնադրության վավերացումը կարող է երկրորդային էֆեկտ ունենալ»,– ասաց Կիրակոսյանը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։
Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար». Ալեն Սիմոնյան
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:...
Ռուբեն Վարդանյանը կալանավորվեց
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում դատարանը կալանավորել է 4 ամսով: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովո...
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Վարդանյանին
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով. 1.ֆինանսական տ...
ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համ...