
ԱՄՆ-ն մտահոգված է Արցախում ստեղծված իրավիճակով․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն մտահոգված է ստեղծված իրավիճակով։ Այս մասին ասել է Պետքարտուղության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը՝ ճեպազրույցի ժամանակ արձագանքելով Արցախից մարդկանց զանգվածային արտագաղթին դեպի Հայաստան:
«Առաջնային կարևոր ենք համարում, որ պահպանվի հրադադարը, որն այժմ գոյություն ունի, որ հետագա ռազմական գործողություններ չլինեն: Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները բավարարվեն և երրորդ՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի»,- ասել է Միլլերը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը, համապատասխան ընտրություն կատարելու դեպքում, պետք է կարողանա խաղաղ և արժանապատիվ պայմաններում մնալ իր տներում՝ իր իրավունքների և անվտանգության հարգմամբ:
«Նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ և վերադառնալ, պետք է ստանան ապահով անցում, որը կվերահսկի չեզոք, անկախ երրորդ կողմը: Իսկ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, ներառյալ նրանց, ում կասկածում է զինյալ լինելու համար: Մենք կարծում ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն, հավաստիացում և վստահություն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և միջազգային հանրությանը, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն, ինչպես որ հրապարակավ հայտարարել է Ադրբեջանը»,- ասել է Միլլերը։