Հայաստանն Արաբական Էմիրությունների հետ համաձայնագիր կկնքի. Քերոբյան
Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքվի սննդի անվտանգության համաձայնագիր։ Այս մասին Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա` այդպիսով հայկական ապրանքներն ավելի լավ հասանելիություն կունենան ԱՄԷ շուկաներ, որը արտահանման տեսանկյունից կարևոր քայլ է։
«Բացի այդ, մենք աշխատում ենք մեր իրանցի գործընկերների հետ, որպեսզի տարանցիկ բեռնափոխադրումները դեպի ծոցի երկրներ հեշտանան ու դառնան ավելի մատչելի։ Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են, արտահանում էլ կա արդեն, ուղղակի մեր նպատակն է, որ լոգիստիկ, տարանցիկ կապերի հեշտացման կամ պարզեցման միջոցով առևտուրը դարձնենք ավելի անկաշկանդ ու ծաղկող»,– ընդգծել է նախարարը։
Նա տեղեկացրել է, որ բացի առևտրից, մոտ ժամանակներում Իրանի հետ կկնքվի նաև ծառայությունների և ներդրումների ազատ առևտրի համաձայնագիր, քանի որ, ըստ Քերոբյանի, բացի ֆիզիկական ապրանքներից, ծառայությունները ևս առևտրի զգալի մաս են համարվում։
Նախարարը հիշեցրել է, որ ազատ առևտրի համաձայնագրի դեպքում ԵԱՏՄ կողմից Ռուսաստանն է հանդիսանում գլխավոր բանակցող, սակայն հայկական կողմն ուշադիր հետևում է, որպեսզի այդ բանակցությունների ժամանակ ՀՀ շահերը պատշաճ պաշտպանվեն։
Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է նաև, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ Հայաստանի համար դարձել են երեք խոշոր առևտրային գործընկերներից մեկը։ Ըստ նրա` 2022 թ–ին ՀՀ և ԱՄԷ առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ խոսելով այն մասին, թե երբ ուժի մեջ կմտնի Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վիզաների ազատականացման համաձայնագիրը նշել է․ «Համաձայնագիրը պետք է գնա ՍԴ, սահմանադրական վերահսկողություն պետք է անցնի, դրանից հետո ներկայացվի ԱԺ՝ վավերացման: Հույս ունենք, որ շատ կարճ ժամանակահատվածում կավարտենք գործընթացը»: