Ռուս-թուրքական գազային հանգույց ստեղծելու շուրջ բանակցությունները շարունակվում են. թուրք նախարար
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ հանրապետությունում ռուս-թուրքական գազային հանգույց ստեղծելու շուրջ բանակցությունները շարունակվում են։
Նրա խոսքով՝ ավերիչ երկրաշարժի պատճառով այս գործընթացում կարճ դադար է եղել, սակայն այժմ Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են բանակցությունները։
«Այն բանից հետո, երբ մեզ առաջարկեցին գազի առևտրի այս հարթակը, տեղի ունեցավ երկրաշարժ, նաև անցկացվեցին ընտրություններ։ Այնպես որ, մի քիչ դադար էր, բայց հիմա նորից բանակցում ենք... Մենք դեմ չենք գազի առևտրի լրացուցիչ հարթակի ստեղծմանը: Բայց եթե մենք այժմ ունենք գազի առևտրի գործող հարթակ, ապա պետք չէ ևս մեկ տարի սպասել՝ այս առևտրային գործունեությունը սկսելու համար»,- ասել է թուրք նախարարն Անկարայում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի լրագրողի հարցին։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2022-ի հոկտեմբերին առաջարկել է գազային հանգույց ստեղծել Թուրքիայում։ Սակայն երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրոպա ռուսական վառելիքի մատակարարման նպատակով Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը դադարեցվել է։ Գործակալության տվյալներով՝ պատճառը վեճն է եղել, թե կոնկրետ ով պետք է կառավարի օբյեկտը։