
«Քյաբաբ, շաուրմա, պիցցա, ի՞նչ եք ուզում ուտել»․ ընտրատեղամասերում ընդմիջման են պատրաստվում

Էրեբունի վարչական շրջանի թիվ 10/17 ընտրատեղամասում ընտրողների ներկայությամբ հանձնաժողովի անդամները «քվեարկության» են դրել ուտելիքի հարցը: Այս մասին գրում է «Հետքը»։
«Քյաբաբ, շաուրմա, պիցցա, ի՞նչ եք ուզում ուտել»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, որոշվեց, որ պատվիրում են շաուրմա՝ առանց սոխ ու կծու։ Իսկ ցուցակագրող հանձնաժողովի քարտուղար Ջուլիետա Պետրոսյանը բարձրաձայն հայտարարեց, թե «բոլորիդ խոզ եմ գրում»։
Էրեբունի վարչական շրջանում ընտրողները չեն շտապում ընտրատեղամասեր։ Հանձնաժողովի անդամները դրսից եկողներից հետաքրքրվում են, թե ինչ վիճակ է այլ տեղամասերում։ Դեմքներին ժպիտ է հայտնվում, երբ իմանում են, որ այլ տեղամասերում նույն վիճակն է։
Թիվ 10/17 ընտրատեղամասի ցուցակներով ընտրելու իրավունք ունի 1810 ընտրող։ Ժամը 12:40-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր նրանցից 176-ը։ Նույն պասիվ վիճակը նաև թիվ 10/16 ընտրատեղամասում է։
Լրատվամիջոցը հայտնում է նաև․ «Ընտրողն այստեղ ներս մտավ և անհանգիստ հայացքով հանձնաժողովի անդամ էր փնտրում։ Ձեռքին հեռախոս կար, որի միջոցով ստացած հաղորդագրությունը ցույց էր տալիս տարածքում գտնվողներին։
«SMS եմ ստացել, ասում ա՝ իմ ընտրությունը սխալ ա։ Ես նորմալ ընտրել եմ, սխալ չեմ արել»,- անհանգստացած էր կենսաթոշակային տարիքի ընտրողը։
Պարզվեց, որ նա սխալ կոճակ է սեղմել հեռախոսի վրա և հաղորդագրություն ստացել, ինչը կապ չուներ Երևանի ավագանու ընտրությունների հետ։ Դրանից րոպեներ առաջ էլ ընտրողը փնտրում էր «սեպտեմբերի 17»-ի քվեաթերթիկ։ Նրան թվում էր, որ հանձնաժողովի անդամների սեղանին օրերի թվով են քվեաթերթիկները դնում»։