
Երևանը Հռոմի ստատուտի վերաբերյալ առաջարկ է ուղարկել Մոսկվային, հանդիպում է եղել. Մարուքյան. ТАСС

Երևանը Հռոմի կանոնադրության վերաբերյալ առաջարկ է ուղարկել Մոսկվային: Այս մասին ТАСС–ին տված հարցազրույցում ասել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը:
Իր խոսքով՝ կայացել է հանդիպում, գործընթացը շարունակվում է:
«Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, որպես իրազեկ անձ, կարող եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնությանը առաջարկ է արվել այդ հարցով, հանդիպում է եղել, գործընթացը շարունակվում է, պարզ է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է, ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ, բայց Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմի կողմից կատարված ռազմական հանցագործությունների պատճառով, դա քաջ գիտակցում են մեր ռուս գործընկերները։ Այս գործերը պետք է դառնան միջազգային քրեական հետապնդման առարկա»,- ասել է դիվանագետը։
Իր խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ի բողոքի նոտային կպատասխանի գործող ընթացակարգերին համապատասխան։ Այս ֆոնին հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման վերաբերյալ Մարուքյանն ասել է, որ դրանք տեղի են ունենում խաղաղապահ առաքելության շրջանակներում։
«Առաջին անգամ դրանք անցկացվեցին 2011 թվականին, բայց նույնիսկ այն ժամանակ հարցեր չառաջացան, սրանք առաջին զորավարժությունները չեն, մշտական են և իրականացվում են խաղաղապահ առաքելությունների շրջանակներում, որոնց մասնակցում է մեր երկիրը»,- ասել է Մարուքյանը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ–ի կողմից հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու առաջարկը մերժելուն, Մարուքյանը ասել է.
«Ադրբեջանական ագրեսիայից հետո, որի ընթացքում զոհվել է ավելի քան 200 մարդ, ժամանել է ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելությունը։ Մենք ակնկալում էինք քաղաքական գնահատական և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացում։ Դա չեղավ։ Հիմա կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Մենք անկեղծ ու բաց խոսում ենք խնդիրների մասին, ինչպես մեր գործընկերները։ Մենք շարունակում ենք կանխատեսելի լինել մեր գործընկերների համար, մեր խնդիրն է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն ուղարկել է խորհրդարան, և այն ամբողջությամբ կվավերացվի։