
Մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս գործում, իհարկե, անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի դերակատարումը։ Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք պարոն Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել միջազգային Նոբելյան կոմիտեին։
Բայց ուզում եմ վերադառնալ մեզ, եւ արձանագրել, որ օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում եւ այս փաստը պետք է գիտակցել։ Այսպես ասում եմ, որովհետեւ դա հեշտ չէ գիտակցել, որովհետեւ դա մեզ անծանոթ իրավիճակ եւ իրողություն է։
Մենք՝ Երրորդ հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում։ Դա մեզ անծանոթ զգացում է, որովհետեւ մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում։
Խաղաղության մասին մարդիկ, իհարկե, երազել են, բայց մյուս կողմից՝ խաղաղություն բառի համար այդ բառն օգտագործողները հաճախ դատափետվել և քննադատվել են»,- ասել է նա։