
Ղրղզստանի և Տաջիկստանի հարաբերությունները կրկին սրվում են. Ղրղզստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Դուշանբեում Ղրղզստանի դեսպան Էրլան Աբդիլդաևը կանչվել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան հայտնել են անհանգստության մասին՝ կապված Ղրղզստանի փոխվարչապետ Կամչիբեկ Տաշիևի կողմից Տաջիկստանի դեմ տարածքային նոր պահանջների մասին հայտարարությունների հետ։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
«Ընդգծվել է, որ նման մեկնաբանությունները կարող են լուրջ վնասել տաջիկ-ղրղզական սահմանի սահմանազատման և սահմանագծման բանակցային գործընթացի առաջընթացին, ինչպես նաև փոխվստահությանը», - ասվում է Տաջիկստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 15-ին Կամչիբեկ Տաշիևը կոչ է արել Տաջիկստանին հրաժարվել տարածքային պահանջներից։ Նրա խոսքով՝ Ղրղզստանում նոր փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնց համաձայն՝ երկրի հողերից շատերը «անցել են Տաջիկստանին»։
«Դա կարող ենք հաստատել իրավական և պատմական փաստաթղթերով։ Եթե Տաջիկստանը չհրաժարվի իր տարածքային պահանջներից, ապա մենք կարող ենք այդ փաստաթղթերի հիման վրա ներկայացնել մեր տարածքային պահանջները»,- ասել է Տաշիևը։ Նա հավելել է, որ երկրի իշխանությունները մտադիր են բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով։
«Անցյալ տարի ագրեսիայի փաստ է եղել, և մենք դա այլևս թույլ չենք տա»,- նշել է նա։
2022 թվականի սեպտեմբերի 14-ից 16-ը Ղրղզստան-Տաջիկական սահմանին բախումներ են եղել։ Պատճառը կողմերի անհամաձայնությունն էր տարածքային սահմանների որոշման հարցում։ Դրա հետևանքով ղրղզական կողմից զոհվել է 59, Տաջիկստանում՝ 41 մարդ, ավելի ուշ խաղաղության արձանագրություն է ստորագրվել։ Մինչ օրս Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի 972 կմ-ից համաձայնեցված է միայն 682 կմ-ը։