
Եվրոպացի փորձագետները նշում են, որ պետք է շրջանցել նշված հատվածը․ «Հետք»

Նիդերլանդական «Dyami» ընկերությունը, որը մասնագիտացած է, մասնավորապես, ավիացիայի ոլորտի անվտանգային հարցերում և կատարում է ռիսկերի գնահատում ու տարատեսակ խորհրդատվություն է մատուցում, սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ խորհուրդ է տալիս շրջանցել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու երկինքը, գրում է «Հետքը»։
Ընկերության կայքում նշվում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 6-ից զգալի ռազմական ուժ է կուտակել Հայաստանի հետ սահմանին, ինչը տեղի է ունենում այն բանից հետո, երբ խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացը կանգ է առել: Աղբյուրը նաև նկատում է, որ ադրբեջանական պետական մեդիան շարունակաբար Հայաստանը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան»:
«Ադրբեջանը գրեթե քայլ առ քայլ կրկնօրինակում է Ռուսաստանի վարքագիծը, մինչև վերջինս լայնածավալ ներխուժում կիրականացներ Ուկրաինա»,- հայտարարել է «Dyami»-ն:
Որպես կանխարգելիչ միջոց նիդերլանդական կողմն առաջարկում է բոլոր տեսակի օդանավերին շրջանցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընկած օդային տարածքը: Շեշտվում է, որ երկրներից մեկից մյուսի երկինք մտնելու փոխարեն անհրաժեշտ է օգտվել Վրաստան-Ադրբեջան օդային սահմանի «DISKA» եւ «ADEKI» անցումային կետերից (տես առաջին նկարում): Միաժամանակ ասվում է, որ չնայած «BARAD» անցակետը չի գտնվում Հայաստան-Ադրբեջան սահմանին (այն Վրաստան-Ադրբեջան սահմանին է, սակայն շատ մոտ է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային «եռանկյունուն»), այն ևս պետք է շրջանցել: