
«ՆԱՏՕ–ի գործընկերներն ինքնուրույն պետք է որոշեն դաշինքի հետ համագործակցության մակարդակը». կազմակերպության ներկայացուցիչ

ՆԱՏՕ–ի գործընկերներն ինքնուրույն պետք է որոշեն դաշինքի հետ համագործակցության մակարդակը։ Այս մասին «Իզվեստիային» ասել է կազմակերպության ներկայացուցիչը` մեկնաբանելով Հայաստանի հետ համագործակցությունը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ–ում այժմ Հայաստանի հաշվին կազմակերպության ընդլայնման հնարավորությունը չեն դիտարկում, Երևանն էլ կազմակերպության անդամակցության հայտ չի ներկայացրել։
«Հայաստանից դաշինքին միանալու պաշտոնական հարցում չի ստացվել։ Դա խնդիր չէր մեր տեսանկյունից, քանի որ ռազմական դաշինքին միանալու ձգտում չունեցող գործընկեր երկրների հետ վաղեմի համագործակցություն կա», – ասել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը։
Խոսքը երրորդ երկրների հետ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական համագործակցության մասին է։ Այդ երկրների թվում է նաև Հայաստանը, որը ծրագիրն է միացել դեռևս 1994 թվականին։ ՆԱՏՕ–ում մեկնաբանել են նաև «Դաշինքի ընդլայնման եվրոպական կոմիտե» ՀԿ–ի ղեկավար Գյունտեր Ֆելինգերի հայտարարությունը, որով նա կոչ էր անում ՀՀ–ին միանալ դաշինքին։
«Պարոն Ֆելինգերը պաշտոնապես կապ չունի ՆԱՏՕ–ի հետ։ Նա ՆԱՏՕ–ի աշխատակից չէ, նրա կարծիքներն ու տեսակետները նրա սեփականն են և չեն արտացոլում դաշինքի տեսակետը։ Իսկ «ՆԱՏՕ–ի ընդլայնման եվրոպական կոմիտե» ՀԿ–ն, անկախ անունից, կոմիտեի կամ դաշինքի մարմին չէ», – պարզաբանել է «Իզվեստիայի» զրուցակիցը։
Նա ընդգծել է նաև, որ դաշինքի գործընկերները պետք է անձամբ որոշեն ՆԱՏՕ–ի հետ իրենց հարաբերությունների մակարդակը։
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ–ն տեղեկացրեց, որ Հայաստանի և ԱՄՆ համատեղ Eagle Partner 2023 զորավարժությունները կանցկացվեն Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-20-ը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԱՄՆ–ի և Հայաստանի զորավարժությունների անցկացումը տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը չի նպաստում։ Նա հավելել էր, որ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Մոսկվան շարունակում է նաև հետևողական և կառուցողական աշխատանք տանել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։