
Իլոն Մասկը Պենտագոնին կփոխանցի Starlink ինտերնետի այն հատվածի հսկողությունը, որն օգտագործվում է Ուկրաինայում

Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը որոշել է Պենտագոնին փոխանցել Starlink արբանյակային ինտերնետի այն հատվածի հսկողությունը, որն օգտագործվում է ուկրաինական հակամարտության ժամանակ, որ այլևս պատասխանատվություն չկրի սահմանների և օգտագործման կանոնների համար, РИА Новости–ի փոխանցմամբ՝ ասել է նրա կենսագիր Ուոլթեր Այզեքսոնը։
Այզեքսոնը Washington Post-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղրիմի ափերի մոտ Starlink ծառայությունը միացնելուց հրաժարվելու համար իր հասցեին հնչած քննադատությունների տարափից հետո Մասկը հարց է տվել. «Ինչու եմ ես այս պատերազմում»:
«Ես ստեղծել եմ Starlink-ը, որ մարդիկ կարողանան հանգստանալ, ֆիլմեր դիտել Netflix-ով, խաղալ տեսախաղեր: Ես մտադիր չէի ստեղծել այնպիսի բան, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի», - ըստ կենսագրի՝ ասել է Մասկը:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան լրատվամիջոցներն արդեն մի քանի օր է՝ հատվածներ են հրապարակում Մասկի նոր կենսագրությունից։
Մասնավորապես, գրքից պարզ է դառնում, որ 2022 թվականին գործարարը իբր հրամայել է անջատել Starlink արբանյակային կապի ցանցը Ղրիմի տարածաշրջանում և դրանով իսկ խափանել ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումը ռուսական նավատորմի նավերի վրա։
Ինքը՝ Մասկը, բացատրել է, որ Starlink-ն ի սկզբանե ակտիվացված չի եղել այս տարածաշրջանում, և Ուկրաինայի իշխանությունները խնդրել են այն միացնել։ Մասկը հրաժարվել է, քանի որ այս դեպքում SpaceX-ը «ակնհայտորեն ներգրավված կլինի պատերազմի և հակամարտության սրման մեջ»: