Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի. Փաշինյան

«Ռուսաստանի աղետալի ներխուժումն Ուկրաինա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, նույնիսկ այն դեպքում, երբ մեծանում են մտավախություններն Ադրբեջանի հետ բաց հակամարտությանը վերադառնալու մասին»,- գրել է POLITICO-ն՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցում ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերը:
 

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում փոխվել են Ռուսաստանի կարողությունները»,- ասել է Փաշինյանը՝ «ընդունելով, որ Մոսկվան ձգտում է խուսափել Ադրբեջանին և նրա մերձավոր դաշնակից Թուրքիային օտարացնելուց, որոնք երկուսն էլ Կրեմլի համար ռազմավարական նշանակություն են ունեցել անցյալ տարի Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր»։
 

«Մեր ռազմավարությունը պետք է լինի՝ փորձել այս իրավիճակում առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունը ուրիշներից»,- հավելել է նա։
 

«Մենք ուզում ենք ունենալ անկախ երկիր, ինքնիշխան երկիր, բայց ստիպված ենք ուղիներ ունենալ, որպեսզի չհայտնվենք Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի և Հարավի բախումների կենտրոնում… Չի կարող լինել դեպք, երբ Հայաստանը դառնա «պրոքսի»։ Սա անթույլատրելի է»»,- հավելել է Փաշինյանը։
 

Ըստ լրատվամիջոցի՝ Փաշինյանն ասել է, որ «ամեն անգամ, երբ հակամարտությունը բռնկվում էր», Ռուսաստանը «պարզապես անկայուն էր»:
 

«Մոդելը, որով մենք խնդիրներ ունենք մեր հարևանների հետ, և մենք պետք է հրավիրենք ուրիշներին պաշտպանելու մեզ, կարևոր չէ, թե ովքեր են նրանք, շատ խոցելի մոդել է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նաև վերահաստատել է իր աջակցությունը Միացյալ Նահանգների, Եվրոպական միության և Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերի համար: 
 

«Եթե մենք ուզում ենք ունենալ հարատև, հավերժական պետականություն, առաջին հերթին պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք և շատ լուրջ ջանքեր ներդնենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է նա։
 

Խոսելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասել է, որ «դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև արևմտյան երկրները կարող են դիտարկվել որպես լիակատար աջակցություն առաջարկող, որի կարիքը Հայաստանն ունի»:

 

«Մեր գործընկերները՝ ԵՄ-ն և Միացյալ Նահանգները նույնպես աջակցում են մեզ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- ասել է նա
 

«Չեմ կարող ասել, որ աջակցությունը և օգնությունը, որ մենք ստանում ենք, բավարար են մեր նպատակներին և մեր օրակարգերին ծառայեցնելու համար»,- հավելել է կառավարության ղեկավարը։