«Արցախի նախագահին չշնորհավորելու պատճառը ոչ թե արդյունքն է, այլ այն վախերը, որ ունեն». Օհանյան

Ակնայի ճանապարհով Արցախ հասցված ռուսական բեռները կարող են որոշակիորեն մեղմել Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

 

«Որքան էլ ասենք` Արցախի ժողովրդի ոգին բարձր է, բայց այնտեղ հումանիտար ճգնաժամ է, նման քայլերը կարող են որոշակիորեն նվազեցնել հումանիտար ճգնաժամի ազդեցությունը։ Մանավանդ, որ այս մեքենայի շարժը հնարավորություն է տալու, որ Լաչինի միջանցքն ամբողջովին բացվի»,– ասել է Օհանյանը։

 

Նրա կարծիքով` քանի որ ռուսական մեքենան է այդ ճանապարհով Արցախ մտել, Լաչինի ճանապարհի բացման հարցը կարելի է նաև, այսպես ասած ՌԴ իշխանությունների առջև դնել, որ նրանք էլ գործնական ու հստակ քայլեր ձեռնարկեն` Ադրբեջանին պարտադրելու բացել ճանապարհը։ Կարծում է, որ այս պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, Արցախը պետք է ավելի ինքնուրույն, ազատ գործոն դառնա, որ կարողանա միջազգային հարաբերություններում նաև իր շահերը թելադրել Ադրբեջանին։

 

Ինչ վերաբերում է Արցախի կառավարման համակարգում փոփոխություններին, Օհանյանը դրանք դրական է գնահատել։ Վստահ է, որ հիմա լուրջ փոփոխություններ, հմուտ, ճիշտ մարտավարական քայլեր են անհրաժեշտ Արցախն այս իրավիճակից դուրս բերելու համար։

 

«Մեր ժողովրդի մի մասն է Արցախը, և Արցախի Հանրապետությունը ձևավորված հանրապետություն է, Արցախն ինքնորոշվել է, անկախ ամեն ինչից մեր երկրի ղեկավարները պետք է շնորհավորեին Արցախի նախագահին, կարծում եմ` չշնորհավորելու պատճառը ոչ թե արդյունքն է, այլ այն վախերը, որ ունեն։ Վախենում են միջազգային պայմանավորվածություններից, որ երևի ձեռք են բերել Ադրբեջանի հետ»,– նշեց Օհանյանը` անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։ Սեպտեմբերի 11-ին էլ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում վարչապետը նշել է, որ առանձնապես շնորհավորելու բան էլ չկա։

 

Օհանյանը հիշեցրել է` ՀՀ իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ։ Այնուամենյանիվ, նույնիսկ այս իրավիճակում, ըստ Օհանյանի`համարձակ ղեկավարները կշնորհավորեին Արցախի նորընտիր նախագահին։

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9–ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում Արցախի նախագահ է ընտրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանը։

 

Հայտնել ենք, որ այսօր` սեպտեմբերի 12-ին, ռուսական Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն: Բեռնատարում եղել է մթերային 1000 փաթեթ, 192 մանկական հավաքածու, 270 անկողնային, 200 հիգիենիկ պարագաների հավաքածուներ։