
ՀԱՊԿ–ն չի կատարել և չի կատարում ՀՀ–ի նկատմամբ իր պարտավորությունները. Փաշինյան

Հայտնի իրադարձությունների պատճառով Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրության որոշակի պակաս կամ շեղում կա, մյուս կողմից` ունենք սահմանային որոշակի խնդիրներ, որոնք պետք է հասցեագրենք կամ մեր ձեռքի տակ եղած գործիքակազմը լրացնենք: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դուք փորձում եք Հռոմի ստատուտը, հայ-ամերիկյան զորավարժությունները, նույնիսկ իմ կնոջ այցը Ուկրաինա կապել սահմանային իրադրության հետ, Ձեր հարցում կոնտեքստը այն է` արդյոք այս գործընթացները չեն բերի սահմանային սրացումների»,- ասաց վարչապետը` միաժամանակ հիշեցնելով, որ 2020 թ. սեպտեմբերին այս գործընթացներից ոչ մեկը չկար, նույնն էր նաև 2022 թ. սեպտեմբերին, բայց դա չխանգարեց, որ սահմանին ունենանք պատերազմական իրավիճակ»,– ասել է նա:
Փաշինյանն անդրադարձել է նաև Պրահայի համաձայնությանը: Նա նշել է, որ այն ձեռք է բերվել այն բանից հետո, երբ արձանագրվել է, որ ՌԴ առաջարկը` Խովաևի պլանը, այլևս ակտուալ չէ։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության պնդումներին, թե Լաչինի միջանցքում ՌԴ խաղաղապահների կողմից վերահսկողություն չի իրականացվում ու ՌԴ-ի այն հայտարարություններին, որ եթե ՀՀ–ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախն Ադրբեջանի կազմում ու մերժում է Խովաևի պլանը, ապա ՌԴ խաղաղապահներին տեղին չէ մեղադրելը, ՀՀ վարչապետն արձագանքել է` ասելով, որ մինչ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու իր քայլը ՌԴ–ն երկու անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ ԼՂ–ն միջազգայնորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է։
Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Պրահայի և մնացած մյուս բոլոր պայմանավորվածությունները չեն չեղարկել 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ կողմերի վրա դրված պարտավորությունները։ Իր հերթին 2020 թ. հայտարարությունը չէր կարող չեղարկել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԱՊՀ բոլոր երկրների անկախությունների դե յուրե ճանաչումն է»: