Թուրքիայի հավաքականի մարզչի հրաժարական. թուրքական մամուլի արձագանքները Հայաստանի հետ խաղին
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ ենթախմբի թերևս ամենասկզբունքային մրցախաղերից մեկի՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների Էսքիշեհիրում կայացած հանդիպման ոչ-ոքի արդյունքը հարևան երկրում բոլորի համար անակնկալ և անսպասելի արդյունք էր:
«Արմենպրես»-ը գրում է, որ հանդիպման հետ կապված աշխույժ մեկնաբանություններն ու արձագանքները չեն մարում: Մրցախաղը լայնորեն քննարկվել է թուրքական մամուլում՝ հանրապետական բոլոր պարբերականների կողմից:
Մասնավորապես, «Հուրիեթը» գրել է, որ Թուրքիայի ազգային հավաքականն անակնկալ կերպով ոչ-ոքի (1-1) խաղաց Հայաստանի ընտրանու հետ, ինչից հետո Շտեֆան Կունցի ապագան դարձավ քննարկման առարկա և նրա հրաժարականը պահանջող ձայները սկսեցին ավելի բարձր հնչել:
Թերթը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի հետ մրցախաղից հետո ֆեդերացիայի ղեկավարությունը նոր մարզչի պաշտոնում տեսնում է «Տրաբզոնսպորի» մարզիչ Աբդուլլահ Ավջիին, և հարցն այն է, թե նոր նշանակումը կհաստատվի՞ արդյոք Ճապոնիայի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ: «Պնդվում էր, որ գերմանացի մարզիչ Շտեֆան Կունցի աթոռը տատանվում է, և ֆեդերացիան նետվեց նոր մարզչական քայլի»,- գրել է «Հուրիեթը»:
Շարունակելով նույն թեման՝ «Աքշամ» պարբերականն իր հերթին վերկուծական հոդվածը վերնագրել է հետևյալ կերպ.
«Կունցը հեռանում է, որսորդը գալիս է»: Որպես փաստարկ, պարբերականը նշել է այն հանդիպումը, որը կայացել է Ռիվայում, ֆեդերացիայի ղեկավարի և ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում հավանական նոր թեկնածուի միջև: Ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Աբդուլլահ Ավջին մեկնել է Ռիվա՝ կարևոր սեմինարում որպես բանախոս մասնակցելու նպատակով, սակայն առիթը բաց չի թողել բանակցությունների համար։
Հայաստանի հավաքականի տպավորիչ խաղն այնպիսի հուսահատություն է առաջացրել Թուրքիայի ֆուտբոլային շրջանակներում, որ գլխավոր մարզչի հրաժարականի թեման կարմիր թելի պես անցնում է նաև «Ջումհուրիեթ», «Վաթան» և «Գյունեշ» պարբերականների վերլուծական հոդվածներում:
«Ջումհուրիեթը» վկայակոչել է նաև անվանի մասնագետ Ֆաթիհ Թերիմի տեսակետը, ով վստահ է, որ Ավջիի նշանակումը կհաստատվի շատ շուտով։
Ինքնին հասկանալի է, որ մեր մարզիկների մրցելույթը գտնվել է նաև Թուրքիայում լույս տեսնող հայկական թերթերի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, «Ակոս» շաբաթաթերթը նշել է, որ Էսքիշեհիրում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 49-րդ րոպեին առաջ անցնելով հաշվի մեջ՝ Դաշյանի գոլից հետո հանդես է եկել ավելի համարձակ, իսկ Թուրքիայի հավաքականն այդ պահից սկսած խաղացել է ճնշման տակ և միայն խաղավարտից երկու րոպե առաջ փրկվել է պարտությունից։
«Մարմարան» իր հերթին տեղեկացրել է, որ Հայաստանից երկրպագուների հարյուր հոգանոց խումբ էր ժամանել Թուրքիա՝ խաղին անմիջականորեն հետևելու նպատակով: Տեղի հայ համայնքից նույնպես փոքրաթիվ կազմ էր ժամանել մարզադաշտ՝ ոլորտի մարզական պատասխանատուների գլխավորությամբ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: