Ուկրաինական ակումբի ֆուտբոլիստները զանգվածաբար թունավորվել են ՉԼ խաղից առաջ
Ուկրաինական «Դնեպր-1» ակումբի անձնակազմի ութ ֆուտբոլիստներ և յոթ աշխատակիցներ թունավորվել են հունական «Պանատինաիկոսի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ։ Այս մասին հետխաղյա մամուլի ասուլիսում հայտնել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեքսանդր Կուչերը։
«Ամբողջ գիշեր չեն քնել։ Ոմանք դեռ իրենց վատ էին զգում հանդերձարանում, բայց նրանք խաղադաշտ դուրս եկան երկրորդ խաղակեսում: Բացի դրանից, պաշտպանը, ում փոխարինեցինք երկրորդ խաղակեսում, նույնպես վատ էր զգում։ Նա այլեւս չէր կարող խաղալ։ Այսօր խաղադաշտում շատ խաղացողներ կային, ովքեր թունավորված էին»,- ասել է մարզիչը։
24tv.ua-ն հայտնում է, որ «Դնեպր-1»-ը պաշտոնական բողոք կներկայացնի ՈՒԵՖԱ-ին՝ «Պանատինաիկոսի» կողմից հանդիպման ոչ պատշաճ նախապատրաստման վերաբերյալ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզումից հետո ֆուտբոլիստները միրգ ու ջուր են օգտագործել, որոնք եղել են հանդերձարանում։ Հենց սրանից հետո նրանցից ոմանց մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։
Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին Աթենքում և ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Հունական ակումբը ընդհանուր հաշվարկով դուրս է եկել հաջորդ փուլ, առաջին հանդիպումն ավարտվել էր «Պանատինաիկոսի» հաղթանակով 3։1 հաշվով։