![Նրան քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն](https://auroranews.am/storage/img/base_image/old/ce7a18299224c91ad4b67492d874dec5.webp)
Նրան քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
![Նրան քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն](https://auroranews.am/storage/img/base_image/old/ce7a18299224c91ad4b67492d874dec5.webp)
«Մեշելի դեպքերի առնչությամբ կալանավորված Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգային և ազգային իրավունքի նորմերին»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության վարչության ղեկավար Մահիր Աբբասովը։ Նրա խոսքերը փոխանցում է APA գործակալությունը։
Մահիր Աբբասովի խոսքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո պատմաիրավական տեսակետից մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել։
«Ադրբեջանի Հանրապետության քրեական դատավարության ընթացքում պատասխանատվության են ենթարկվել մեր քաղաքացիների, աշխարհի և մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ կատարած անձինք, որոնց նկատմամբ կայացվել են դատական պատիժներ, որոնք մտել են օրինական ուժի մեջ»,-նշել է պաշտոնյան։
Նշելով, որ Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգային և ազգային իրավունքի նորմերին, Մահիր Աբբասովն ընդգծել է, որ այդ պրակտիկան առկա է Ադրբեջանի քրեական դատավարությունում։
Նա նաև հավելել է, որ հանրապետությունում գործող քրեական օրենսդրության համաձայն՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի գործում։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից տեղափոխվում էր Հայաստան՝ բուժօգնություն ստանալու համար։ Այդ ընթացքում Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել են նրան։