ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ Սվերդլովսկի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով

ՌԴ Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը արտակարգ դրություն է հայտարարել անտառներում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ 

Տարածաշրջանի տեղեկատվական քաղաքականության վարչության հայտարարության մեջ նշվում է, որ արտակարգ դրությունը սկսում է գործել հուլիսի 13-ից։ Շրջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Դենիս Մամոնտովը նշանակվել է արտակարգ իրավիճակների արձագանքման վարչության պետ։ 

 

ТАСС-ի հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։

Մինչ այս, ըստ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության, հայտնի էր դարձել, որ Սվերդլովսկի մարզի Նևյանսկի քաղաքային շրջանի Շայդուրիխա գյուղում բռնկված հրդեհը տեղայնացվել է։ 

Հրդեհի արագ տարածմանը նպաստել է չոր և քամոտ եղանակը՝ քամու պոռթկումներով մինչև 27 մ/վրկ։ Բնակավայրի բնակիչները տարհանվել են, հրդեհի դեմ պայքարում ներգրավվել է մոտ 140 հրշեջ և 46 տեխնիկա, ինչպես նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռ։