Երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ․ Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա բացառված է։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի (մինչև հիմա փորձեր չեն եղել), չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ասում ենք՝ գիտեք, մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որոնք մենք ունենք»,-ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է՝ շատ ուղիղ և ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։
«Ասում ենք՝ մենք երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան։ Եվ սա լինելու է մեր ռազմավարությունը։
Օգոստոսի 8-ից հետո պարզ էր, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների շրջանում կային որոշակի հարցեր, և ես այդ հարցերին հաճույքով պատասխանեցի, մենք միշտ բաց ենք խոսակցության համար։ Վաշինգտոնում ստորագրել ենք այն բովանդակությունը, որը մենք նախորդիվ 5 տարիների ընթացքում առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, այնտեղ «Թրամփի ուղի»-ն չկար, բայց մենք 5 բառ ենք ուզել ընդամենը, 5 բառ։ Այդ բառերն են եղել՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Մենք ասել ենք՝ դրեք այս 5 բառը թղթի մեջ, և ես ցանկացած պահի պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել։ Եվ իմ ասածի մեջ ոչ մի չափազանցություն չկա։ Եվ սա շատ կոնկրետ օրինակ է, որ մենք չենք գործել երբեք Ռուսաստանի դեմ և չենք գործելու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի հետ չեն կռվելու, օրակարգերում միշտ էլ լինում են լարումներ, քննարկումներ, բայց նրանք Ռուսաստանի հետ խնդիրներ չեն ստեղծելու, գնալու են Հայաստանի շահերի հետևից։





























