
Զոհված 2 զինծառայողների մարմինները տեղափոխվել են ՀՀ. Արցախի ՄԻՊ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով: Այս մասին է հայտնում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:
Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը»,-նշում է Ստեփանյանը:
Հիշեցնենք՝ Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: