
Հայտնի է` որ հայաստանյան ընկերությունն է հայտնվել ԵՄ պատժամիջոցների ցանկում

ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթում հայաստանյան մեկ ընկերություն է հայտնվել։ Պատժամիջոցների հերթական փաթեթի մասին որոշման մեջ Եվրահանձնաժողովը նշում է, որ Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների ցանկում 87 ընկերություն է ներառվել։ Նրանց նկատմամբ կկիրառվեն բարձրտեխնոլոգիական ապրանքների, այդ թվում՝ երկակի նշանակության ապրանքների վաճառքի սահմանափակումներ (որպեսզի ընկերություններն այդ ապրանքները չվերավաճառեն Ռուսաստանում)
Ցանկում ընկերություններ կան Չինաստանից, Ուզբեկստանից, Արաբական Էմիրություններից, Սիրիայից և Հայաստանից։
Հայաստանից ցանկում միայն մեկ ընկերություն է հայտնվել` «Taco» ՍՊԸ–ն։
Հավելենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման բյուրոյի պատժամիջոցային ցանկում (Specially Designated Nationals List) Հայաստանում գրանցված երկու ընկերություն է ներառված` վերոնշյալ «Taco»–ն և «Milur Electronics»–ը։ Ցանկում ներկայացված տվյալների համաձայն` երկու ընկերություններն էլ զբաղվում են էլեկտրոնիկայի մեծածախ վաճառքով։ «Taco»–ն փոխկապակցված է ռուսական «Ռոդիոավտոմատիկա» ընկերության հետ (որը ևս զբաղվում է էլեկտրոնիկայի վաճառքով), իսկ «Milur»–ը` ինտեգրալ միկրոսխեմաներ արտադրող ռուսական «Միլիանդրի» հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։ Դրանք ազդել են 87 ընկերության վրա, որոնք, ըստ ԵՄ-ի, աջակցում են Ռուսաստանին։