«Գնունեցի Վարազիկին» սպանել են վրեժ լուծելու նպատակով. մանրամասներ՝ ՔԿ–ից
35-ամյա Վարազդատ Գասպարյանի` քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկի» սպանության մեջ կասկածվող 25–ամյա երիտասարդը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին` ժամը 22.07-ին, Բաղրամյան պողոտայի 49/2 հասցեում հայտնաբերել է 35-ամյա Վարազդատ Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Ըստ քննության ձեռք բերած տվյալների՝ երիտասարդը սպանությունը կատարել է մի քանի տարի առաջ տեղի ունեցած ընկերոջ սպանության վրեժը լուծելու նպատակով։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 25-ամյա երիտասարդը «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սայաթ-Նովա և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից ուղևորվել է դեպի Վարազդատ Գասպարյանի գտնվելու վայր՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտային հատվող Ջեյմ Բրայսի փողոցում տեղակայված գեղեցկության սրահի մոտ և սպասել նրան։
«Ժամը 22:00-ի սահմաններում, երբ Վարազդատ Գասպարյանը դուրս է եկել նշված գեղեցկության սրահից, 25-ամյա երիտասարդն անսպասելի մոտեցել է նրան և ապօրինի կերպով ձեռք բերված 7,62մմ (7,62x25) տրամաչափի ակոսափող ատրճանակից կրակոց է արձակել նրա դեմքի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք»,– նշված է հաղորդագրությունում։
Սպանությունն իրականացնելուց անմիջապես հետո երիտասարդը դիմել է փախուստի: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է հունիսի 13-ին։
Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն և հայտնաբերվել ու առգրավվել է հրազենի պարկուճ: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
25-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել սպանության և ապօրինի հրազեն ձեռք բերելու և պահելու հոդվածներով։
Հիշեցնենք՝ ըստ ԶԼՄ–ների` Վարազդատ Գասպարյանը որպես մեղադրյալ ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի քրեական գործով: